Գերմանիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է, թե ինչու է չեղարկել «Աղետ» խորագրով համերգը, որին հրավիրված էր նաև Էրդողանը
Գերմանիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարտին Շեֆերը հայտարարել է, որ Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունում Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի համերգին հրավիրված հյուրերի ցանկը չի համաձայնեցվել նախարարության հետ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Երեքշաբթի Գերմանիայի ԱԳՆ-ն չեղյալ է հայտարարել նոյեմբերի 13-ին գլխավոր հյուպատոսարանում նախատեսված համերգը: Երաժիշտները պատրաստվում էին կատարել «Աղետ» ստեղծագործությունը՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը, և համերգին հրավիրել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, վարչապետ Բինալի Յըլդըրըմին, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին և մշակույթի ու զբոսաշրջության նախարար Նաբի Ավջիին:
«Բավականին անսովոր է, երբ հրավերներն ուղարկվում են առանց հանդիպման կազմակերպիչների, տվյալ դեպքում՝ ԱԳՆ-ի հետ նախնական քննարկման»,- ասել է Շեֆերը լրագրողներին։
Նրա խոսքով՝ նման համերգը կարող է կայանալ, բայց այժմ դրա համար անհամապատասխան պահ է ընտրված:
Դրեզդենի սիմֆոնիկ նվագախումբը պատրաստվում է նոյեմբերին «Աղետ» ստեղծագործությունը կատարել Բելգրադում և Երևանում:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Գերմանիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ստամբուլում Գերմանիայի հյուպատոսարանում «Ստեղծագործ Եվրոպա» ծրագրի շրջանակում նոյեմբերի 13-ին կայանալիք Դրեզդենի սիմֆոնիկ նվագախմբի «Աղետ» խորագրով համերգը չեղյալ հայտարարելու մասին:










