Մայքլ Դուգլասը պատմել է դերասան Վել Քիլմերի՝ քաղցկեղով հիվանդ լինելու մասին
Հոլիվուդյան հայտնի դերասան Մայքլ Դուգլասը Լոնդոնում տված հարցազրույցի ժամանակ գաղտնազերծել է, որ իր գործընկերներից մեկը՝ հոլիվուդյան դերասան Վել Քիլմերը, տառապում է կոկորդի քաղցկեղով:
Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, Դուգլասի պատմելով՝ իր ընկերը վերջին 2 տարվա ընթացքում անընդհատ հոսպիտալացվել է կոկորդի հետ ունեցած խնդիրների պատճառով:
Թեև 56-ամյա Քիլմերը մի քանի անգամ հերքել է, որ հիվանդ է քաղցկեղով, այնուհանդերձ՝ նրա ընկերը պնդում է հակառակը: Աղբյուրը հիշեցնում է, որ նախկինում պապարացիները Քիլմերին լուսանկարել էին կոկորդից ելնող հատուկ բժշկական խողովակով, սակայն դրանից հետո անգամ դերասանը հրաժարվել էր ասել, թե իր մոտ ինչ տիպի առողջական խնդիրներ են առկա:
«Վելը հիանալի մարդ է, որը, ցավոք, ունի նույն առողջական խնդիրը, որն առկա էր նաև ինձ մոտ: Նրա գործերն այդքան էլ լավ չեն: Այդ է պատճառը, որ նա վերջերս այդքան էլ չի երևում: Ես անընդհատ աղոթում եմ նրա համար»,-ասել է 72-ամյա Դուգլասը՝ հիշեցնելով, որ մի քանի տարի առաջ իր մոտ ևս կոկորդի քաղցկեղ էր ախտորոշվել:










