Ներկայացվել են «ՌեԱնիմանիայի» գալիք յոթ օրվա կարևորագույն պրեմիերաները, ծրագրերն ու միջոցառումները

11:06 • 31.10.16

 

«ՌեԱնիմանիա» Երևանի միջազգային անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման 8-րդ փառատոնի կազմակերպիչները՝ հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն, Հայաստանում Լեհաստանի դեսպանի՝ Եժի Մարեկ Նովակովսկու տիկինը՝ Յադվիգա Նովակովսկան, Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակի ծրագրերի ղեկավար Նարեկ Թովմասյանը, Եվրիմաժ անիմացիոն մրցանակաբաշխության քարտուղար Ժան-Պոլ Կոման, ամերիկացի հանրահայտ ռեժիսոր, նկարիչ և անիմատոր Բիլ Փլիմփթոնը, ներկայացրին գալիք յոթ օրվա կարևորագույն պրեմիերաները, ծրագրերն ու միջոցառումները:

Այս տարվա բրիտանական ծրագրում ներկայացված է Ուիլյամ Շեքսպիտի ստեղծագործություններով ոգեշնչված և դրանց հիման վրա ստեղծված տարատեսակ անիմացիոն ֆիլմեր, իսկ լեհական ծրագրում ներկայացված են կարճամետրաժ լեհական անիմացիոն ֆիլմեր: Նաև փառատոնի շրջանակներում հոկտեմբերի 30-ին Հայաստան է ժամանելու լեհ էքսպերիմենտալ ռեժիսոր-անիմատոր Ռոբերտ Սովան:

Ժան-Պոլ Կոման խոսեց Եվրիմաժ անիմացիոն մրցանակաբաշխության մասին, որն առաջին անգամ տեղի կունենա 2017 թվականին: Նաև նշեց իր գալիք վարպետության դասի մասին, որի ընթացքում խոսելու է անիմացիոն լիամետրաժ ֆիլմերի արտադրության մասին և թե ինչպես է կատարվում դրանց ընտրության գործընթացը եվրոպական փառատոների ընթացքում:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ արդեն ավանդական դարձած համագործակցությունն այս տարի ևս մասշտաբային է: Փառատոնի բացման և փակման ֆիլմերը ֆրանսիական համատեղ արտադրության նշանակալի ստեղծագործություններ են: Բացման ֆիլմը՝ «Կարմիր կրիան», այս տարվա Կաննի կինոփառատոնին արժանացել է «Հատուկ հայացք» մրցանակին: Իսկ փակմանը ներկայացվելու է ռեժիսոր և սցենարիստ, Կաննի կինոփառատոնի դափնեկիր Ժան Ֆրանսուա Լագիոնիի՝ «Լուիզի ձմեռը», համակարգչային գրաֆիկայի և 2D ավանդական անիմացիայի կանոնները պահպանած ֆիլմը՝ ստեղծված Կանադայի հետ համատեղ:

Իսկ այս տարվա փառատոնի հատուկ հյուրը՝ Օսկարի երկակի հավակնորդ, Կաննի կինոփառատոնի դափնեկիր, ռեժիսոր, սցենարիստ, անիմատոր և նկարիչ Բիլ Փլիմփթոնը խոսեց իր նյույորքյան անկախ ստուդիայի մասին և մի փոքր պատմեց իր ամենանշանակալի և հանրահայտ ստեղծագործությունների ստեղծման մասին (Քանյե Ուեսթի տեսահոլովակի, Թոմ Ուեիթսի երաժշտությամբ ստեղծված ֆիլմի և այլ նախագծերի մասին):

Փլիմփթոնը սիրով կսպասի հայ անիմատորներին, նկարազարդողներին, գրաֆիկ դիզայներներին, նկարիչներին և պարզապես անիմացիայի սիրահարներին իր վարպետության դասի շրջանակներում։ 

 

 

 

 

 

Ներկայացվել են «ՌեԱնիմանիայի» գալիք յոթ օրվա կարևորագույն պրեմիերաները, ծրագրերն ու միջոցառումները