Տորոնտոյի փողոցներից մեկը «հեղեղվել» է գրքերով (լուսանկարներ)
Վերջերս կանադական Տորոնտո քաղաքում կայացած Nuit Blanche 2016 («Անքուն գիշեր») մշակութային փառատոնի շրջանակում քաղաքի փողոցներից մեկում հետաքրքիր ինստալյացիա է արվել:
Literature Vs Traffic նախագծի հեղինակներն ամենամարդաշատ փողոցներից մեկը «գետի» են վերածել 10 հազար լուսավորված գրքի միջոցով:
Boredpanda.com-ը գրում է, որ գրքերը նվիրաբերել է «Փրկության բանակ» բարեգործական կազմակերպությունը, և ավելի քան 50 կամավոր 12 օր շարունակ աշխատել է ինստալյացիան իրագործելու համար:
«Այսպիսով՝ քաղաքի մասը, որը հայտնի է արագ երթևեկության, աղտոտման ու աղմուկի շնորհիվ, մեկ գիշերով կդառնա խաղաղության, հանգստության և գոյակցության վայր` լուսավորվելով գրքերի էջերից սփռվող աղոտ լույսով: Գրքերն այստեղ կլինեն այնքան ժամանակ, որքան մարդիկ ցանկանան, ու մինչև կվերցնեն վերջին գիրքը»,- հայտնել են կազմակերպիչներն իրենց կայքում:
Նշվում է, որ ինստալյացիան տեղում է մնացել ընդամենը 10 ժամ:


















