Բնությունը քանդում է Կոլիզեումը. վերջին երկրաշարժերը զգալի վնասել են պատմամշակութային կոթողը
Վերջին շրջանում Իտալիայի կենտրոնական հատվածում տեղի ունեցած ուժեղ երկրաշարժերը հանգեցրել են ոչ միայն հարյուրավոր շինությունների փլուզմանը, այլև լուրջ վնասներ են հասցրել աշխարհի ամենահայտնի պատմամշակութային կոթողներից մեկին՝ Կոլիզեումին:
Ինչպես նշում է euromag.ru-ն, ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև մայրաքաղաք Հռոմում, որի հայտնի խորհրդանիշներից մեկում՝ Կոլիզեումում, առաջացել են նոր ճաքեր՝ չնայած, որ հուշարձանը վերջերս էր վերանորոգվել:
Մասնագետների փոխանցմամբ՝ Կոլիզեումի 2.000-ամյա արենան դեֆորմացվել է:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, այս գիշեր Իտալիայի կենտրոնական հատվածում տեղի է ունեցել հերթական ուժեղ երկրաշարժը. երկրակեղևի տատանումները զգացվել են նաև մայրաքաղաք Հռոմում:
Իտալիայի Երկրաֆիզիկայի և հրաբխաբանության ազգային ինստիտուտի տվյալների համաձայն՝ ստորգետնյա ցնցումների ուժգնությունը կազմել է 4.8 մագնիտուդ, մինչդեռ դրա էպիկենտրոնը գտնվել է Մաչետա շրջանում:










