Մահացել է «արևային ծաղրածու» Օլեգ Պոպովը

10:49 • 03.11.16

Դոնի Ռոստով քաղաքում 86 տարեկանում մահացել է Խորհրդային միության ժողովրդական արտիստ, համաշխարհային ճանաչում վայելող ծաղրածու Օլեգ Պոպովը, հայտնում է tass.ru-ն:


Աղբյուրը մանրամասնում է, որ Պոպովը մինչև կյանքի վերջ ելույթ է ունեցել կրկեսում. 2016թ. ձմռանը նա մեծ շրջագայություն էր սկսել Ռուսաստանով:


«Ռոսգոսցիրկ»-ի գլխավոր տնօրեն Դմիտրի Իվանովը նշել է, որ սիրված արտիստը հանկարծամահ է եղել:


«Նա իրեն լավ էր զգում, երեկոյան նստած հեռուստացույց էր դիտում, և հանկարծ դա տեղի ունեցավ»,-մեկնաբանել է Իվանովը:


Հայտնի է, որ Պոպովը Ռոստով էր եկել հոկտեմբերի 29-ին «Թող միշտ արև լինի» նոր շոուի պրեմիերայի կապակցությամբ: Ծաղրածուն պետք է ներկայացումներ տար Ռոստովում, սակայն հասցրեց մասնակցել միայն 2-ին:


Աղբյուրը մանրամասնում է, որ արտիստի անդրանիկ ելույթը կայացել էր հեռավոր 1951թ.՝ Սարատովում, որտեղ նոյեմբերի 4-ին Պոպովի հիշատակին նվիրված ներկայացում է ցուցադրվելու:


«Ռոսգոսցիրկ»-ի գլխավոր տնօրենի փոխանցմամբ՝  տևական ժամանակ Գերմանիայում ապրած Պոպովի հետ վերջին հրաժեշտը, ըստ ամենայնի, կկազմակերպվի Ռուսաստանում: Ինչ վերաբերում է հուղարկավորությանը, ապա այն հավանաբար տեղի կունենա Գերմանիայում:


Նշենք, որ Պոպովը 1950թ. ավարտել է կրկեսային արվեստի ուսումնարանը։ 1951-53 թթ.-ին աշխատել է երիտասարդական կոլեկտիվում։


Պոպովի արվեստում զուգակցվել են բուֆոնադը, թեթև քնարական հումորը և երգիծական գույները։ Նրան հաջողվել էր ստեղծել ժամանակակից երիտասարդի կերպար, օժտել հմայքով և ռուսական հեքիաթների չարաճճի հերոսների խորամանկությամբ։ Պոպովին անվանում էին «Արևային ծաղրածու»։

 

 

Олег Попов получает международную цирковую премию "Мастер" в номинации "Легенда цирка"

 

 

Մահացել է «արևային ծաղրածու» Օլեգ Պոպովը