Օրհան Փամուքն արժանացել է ռուսական «Յասնայա պոլյանա» գրական մրցանակին
Թուրք հայտնի գրող Օրհան Փամուքն արժանացել է Ռուսաստանում Լև Տոլստոյի թանգարանի կողմից սահմանված հեղինակավոր «Յասնայա պոլյանա» գրական մրցանակին, գրում է թուրքական «Հյուրիյեթ» թերթը:
Նրա «Իմ տարօրինակ մտքերը» գիրքը լավագույնն է ճանաչվել «Արտասահմանյան գրականություն» անվանակարգում:
Փամուքը կստանա նաև 1 մլն ռուբլու չափով դրամական մրցանակ: Գրողը ներկա չի գտնվել մրցանակաբաշխությանը, սակայն կապ է հաստատել ներկաների հետ տեսակամրջի միջոցով:

«Յասնայա պոլյանա» գրական մրցանակը հիմնվել է 2003 թվականին` Լև Տոլստոյի թանգարանի կողմից: Մրցանակը շնորհվում է այն գրողներին, որոնց ստեղծագործություններն իրենց մեջ կրում են ռուս դասական գրականության մարդասիրական և բարոյական իդեալները:
Այս տարի «Յասնայա պոլյանա» մրցանակի է արժանացել նաև մոսկվայաբնակ հայ գրող Նարինե Աբգարյանը: Պրոֆեսիոնալ ժյուրին նրա «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպը ճանաչել է լավագույնը «21-րդ դար» անվանակարգում:










