Թուրքիայում իսլամիստները փաստացի դուրս են եկել քաղաքական հարթակ ու սկսել ճնշել խոսքի ազատությունը. Օրհան Փամուք
Թուրք հայտնի գրող Օրհան Փամուքը հարցազրույց է տվել ռուսական «Медуза» կայքին, որում մեկնաբանել է ներկայում Թուրքիայում տիրող իրավիճակը` համեմատելով այն իր հանրահայտ «Ձյունը» վեպում տեղի ունեցող իրադարձությունների հետ:
«Ես գրել եմ «Ձյունը» վեպը 15 տարի առաջ, և խոսքն այնտեղ անհաջող պետական հեղաշրջման փորձի մասին էր: Իմ վեպում դա կատարվել էր երկրի հյուսիս-արևելյան հատվածում` Կարս քաղաքում: Սակայն վերջին հեղաշրջման փորձն իրականացավ ոչ թե Կարսում, այլ կենտրոնական Թուրքիայում` Անկարայում և Ստամբուլում: Դա էլ հենց զարմանք է առաջացնում»,- ասել է Նոբելյան մրցանակակիր գրողը՝ հավելելով, որ «Ձյունը» վեպի հերոս Քան հայտնվել է իր եվրոպական իդեալների և թուրքական իրողությունների միջև, որոնցից գլխավորը քաղաքական իսլամիզմի վերելքն է:
«Այն ժամանակ դա համարվում էր բազմաթիվ հնարավոր կանխատեսումներից ամենահամարձակը, սակայն անցած տարիների ընթացքում իսլամիստները փաստացի դուրս եկան քաղաքական հարթակ, ամրապնդեցին իրենց իշխանությունն ու սկսեցին ճնշել խոսքի ազատությունը», - ասել է Փամուքը։
Թուրք գրողը նաև նշել է, որ թեև այժմ Թուրքիայում դեռևս զգում է իր հանդեպ որոշակի ճնշում, սակայն դա համեմատաբար ավելի «տանելի» է իր համար, քան 2005-2009 թվականներին իր շուրջ ստեղծված իրավիճակը, երբ նա ստիպված էր վարձել երեք թիկնապահ: Այժմ, Փամուքի խոսքով, նա բավարարվում է մեկ թիկնապահով:
Նշենք, որ օրերս թուրք հայտնի գրող Օրհան Փամուքն արժանացել է Ռուսաստանում Լև Տոլստոյի թանգարանի կողմից սահմանված հեղինակավոր «Յասնայա պոլյանա» գրական մրցանակին:
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին, որը ներկայում բնակվում է ԱՄՆ Փենսիլվանիա նահանգում:










