Երգիչ Մայքլ Բուբլեի 3-ամյա որդու մոտ քաղցկեղ է հայտնաբերվել
Կանադացի հայտնի երգիչ Մայքլ Բուբլեն ու նրա կինը՝ արգենտինացի դերասանուհի, մոդել Լուիսանա Լոպիլատոն, այժմ ապրում են իրենց կյանքի ամենաբարդ փուլերից մեկը. բժիշկները նրանց 3-ամյա որդու՝ Նոյի մոտ քաղցկեղ են ախտորոշել:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, սկզբում երեխայի մոտ ախտորոշվել էր խոզուկ, սակայն հավելյալ բուժզննումից հետո բժիշկներն ախտորոշել են քաղցկեղ: Դաժան լուրը ստիպել է 41-ամյա Բուբլեին դադարեցնել երաժշտական գործունեությունն ու ամբողջ ժամանակը տրամադրել որդուն:
«Մենք հուսահատված ենք մեր ավագ որդու՝ ներկայում ԱՄՆ-ում բուժվող Նոյի մոտ քաղցկեղի ախտորոշման լուրից: Մենք միշտ էլ կարևորել ենք ընտանիքն ու մեր երեխաների հանդեպ տածած սերը: Լուիսանան և ես դադարեցնում ենք մասնագիտական գործունեությունն ու մեր ամբողջ ժամանակը կնվիրենք Նոյին, նրա ապաքինմանը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է սիրված երգիչը:
Նա նաև խնդրել է բոլորին աղոթել իր որդու համար:
«Մեզ երկար ու բարդ ճանապարհ է սպասվում, բայց Աստծո օգնությամբ մենք կհաղթահարենք այն»,- հավելել է Բուբլեն:
















