Հայաստանը դրսում պետք է ներկայացվի հնարավորինս շատ, բայց «կրոնական տուրիզմ» ձևակերպումն անմտություն է. Սամվել Կարապետյան

15:16 • 06.11.16

 Հուշարձանագետ Սամվել Կարապետյանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանում կրոնական տուրիզմի զարգացմանն, ասաց, որ այդ անվանումը սխալ է համարում:  «Պետք է Հայաստանը դրսում ներկայացվի որքան հնարավոր է շատ, լայն, տարբեր մակարդակներում, հարթակներում, բայց կրոնական բնութագրում չի կարելի տալ: Մենք ամեն ինչ ունենք, փառավոր հուշարձաններ ունենք, որոնք կրոնականի հետ կապ չունեն, ուղակի ձևակերպումն անմտություն է»,- ասաց նա:

Հուշարձանագետը նկատեց, որ ոչ մի հյուրանոց նույնիսկ վճարովի չի տրամադրում տվյալ շրջանի պատմական հուշարձանների վերաբերյալ բրոշյուրներ, ինչը շատ կարևոր է զբոսաշրջիկի համար: «Ընդհանրապես, զբոսաշրջիկների թիվն ավելացնելու համար երկու բան է շատ կարևոր. մեկը՝ նման հրատարակություններ, ուղեցույցներ ունենալն է, մյուսը՝ երկիրը մաքուր պահելն է»,-ասաց նա:

Սամվել Կարապետյանը նշեց, որ երկիրը մաքուր պահելու հարցում և՛ հասարակությունը, և՛ պատկան մարմիններն ունեն պատասխանատվություն: «Սակայն պատկան մարմինները պետք է աշխատանք տանեն, որ աղտոտողի նկատմամբ տուգանք սահմանվի և կիրառվի»,-ասաց հուշարձանագետը՝ հավելելով, որ երբ զբոսաշրջիկը լավն է տեսնում,  իր երկրում պատմում է այդ մասին և նպաստում, որ մյուսներն էլ գան:

Ինչ վերաբերում է հուշարձանների վերականգնման աշխատանքներին, ապա հուշարձանագետն ասաց, որ այսօր շատ շենքեր ամրակայման կարիք ունեն, որն ավելի քիչ ծախսեր է ենթադրում, քան վերականգնումը: «Ես կողմնակից եմ, որ մի տասը հուշարձան ամրակայվի, որ 20-30 տարի դիմանա, քան, օրինակ, մեկ հուշարձան վերականգնվի: Մենք շատ շենքեր ունենք, որ պետք  է ամրակայվեն»,- ասաց նա:

 

 

Հայաստանը դրսում պետք է ներկայացվի հնարավորինս շատ, բայց «կրոնական տուրիզմ» ձևակերպումն անմտություն է. Սամվել Կարապետյան