«Մեր սրտերը մեկ են մեր մշակույթով». ստամբուլահայ երգչուհի Սիբիլն առաջին համերգն է ունեցել Լիբանանում

15:54 • 06.11.16

Ստամբուլահայ հայտնի երգչուհի Սիբիլ Բեկթորոսօղլուն ելույթ է ունեցել լիբանանահայ հանդիսատեսի առաջ. այս մասին գրում է aztagdaily-ն:

«Էմիլ Լահուդ» համերգասրահում կայացած համերգային երեկոյին իրենց մասնակցությունն են ունեցել նաև Համազգայինի «Կարկաչ» մանկապատանեկան երգչախումբը և «Գայանե» պարի դպրոցի սաները: 

Համերգի ընթացքում սիրված երգչուհին կատարել է «Տեսնեմ Անին», «Կիլիկիա», «Գետաշեն» և այլ հայրենասիրական երգեր:

«Հուզմունքով եմ սպասել ձեզ հետ հանդիպմանը: Մենք՝ հայերս, որքան էլ որ ցրված լինենք աշխարհով մեկ, մեր սրտերը մեկ են մեր մշակույթով, մեր հիասքանչ մայրենի լեզվով և մեր արյունակցական կապով», - նշել է երգչուհին իր ելույթի ժամանակ: 

Սիբիլ Բեքթորոսօղլուն ծնվել և ապրում է Ստամբուլում: Սկսել է երգել փոքր հասակից եկեղեցական «Սուրբ Վարդանանց», այնուհետև` հայկական Սահակյան վարժարանին կից երգչախմբում։

2010 թ. նոյեմբերին թողարկել է հայալեզու «Սիբիլ» ալբոմը, որտեղ տեղ գտան «Տեր Ողորմեա», «Կիլիկիա», «Տեսնեմ Անին և նոր մեռնիմ», «Նամակ» և այլ երգերը։ Վերջինս մեծ հաջողություն ունեցավ Թուրքիայում։

«Նամակ»-ի հիման վրա նկարահանված տեսահոլովակը նկարահանվել է Օզքան Աքսուլառի՝ Թուրքիայի ամենահայտնի պրոդյուսերներից մեկի աջակցությամբ, և առաջինն հայալեզու տեսահոլովակն էր, որը ցուցադրվեց թուրքական պետական հեռուստատեսությամբ:

«Մեր սրտերը մեկ են մեր մշակույթով». ստամբուլահայ երգչուհի Սիբիլն առաջին համերգն է ունեցել Լիբանանում