Ստամբուլում արևմտահայերենով հրատարակվել է Սարոյանի «Թութա՞կ ես, ծօ՛» պատմվածքների ժողովածուն
Ստամբուլում գործող հայկական «Արաս» հրատարակչության կողմից հրատարակվել է ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի պատմվածքների հիման վրա կազմված «Թութա՞կ ես, ծօ՛» գիրքը: Գիրքն արդեն տեղ է գտել «Արաս»-ի պաշտոնական կայքում:
Արևմտահայերենով հրատարակված ժողովածուի սրբագրմամբ և խմբագրմամբ զբաղվել են Հրակ Փափազյանն ու Սևակ Դեյիրմենջյանը:
Սարոյանի «Թութա՞կ ես, ծօ՛» հատորը կազմվել է դեռևս 1994թ.-ին Բեյրութի «Սիփան» հրատարակչության կողմից հրատարակված «Պատմվածքներ» ժողովածուի երկրորդ հատորի հիման վրա, որն անգլերենից թարգմանել է Հովհաննես Շեոհմելյանը՝ Արամ Սեփեթջյանի խմբագրությամբ:

«Արաս» հրատարակչությունը հիմնադրվել է Ստամբուլում 1993թ.-ին: Հրատարակչությունը կարճ ժամանակում կարողացել է շատերի համար «պատուհան» դառնալ դեպի հայկական գրականություն, քանի որ զբաղվում է հայ դասականների, հայոց պատմության և Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ գրքերի թուրքերեն թարգմանությամբ՝ հասանելի դարձնելով այն թուրքական հասարակության բոլոր խավերին:










