Թրամփին ձայն տալը նույնն է, եթե ինձ խնդրեն մեքենայի ղեկին նստել. Սթիվի Ուանդեր
Հայտնի երգիչ, երաժիշտ Սթիվի Ուանդերն իր կարծիքն է հայտնել ԱՄՆ նախագահի պաշտոնի համար մրցակցող թեկնածուների վերաբերյալ:
Ինչպես հայտնում է The Huffinghton Post-ը, լեգենդար երաժիշտը մասնավորապես անդրադարձել է հանրապետական Դոնալդ Թրամփին՝ ասելով, որ «Թրամփի օգտին քվեարկելը նույնն է, եթե մեկն իրեն խնդրի նստել մեքենայի ղեկին»:
Աղբյուրը մանրամասնում է, որ կույր երաժիշտն այս մասին ասել է իր վերջին հարցազրույցներից մեկում՝ հավելելով, որ արդեն մասնակցել է նախագահական ընտրությունների վաղաժամ քվեարկությանն ու իր ձայնը տվել Հիլարի Քլինթոնին:
«Ասենք՝ դուք հայտնվել եք արտակարգ իրավիճակում ու պետք է շտապ հասնեք հիվանդանոց: Այդ պահին դուք կցանկանա՞ք, որ ես նստեմ մեքենայի ղեկին»,- հարցրել է լրագրողին Ուանդերը, ինչին ի պատասխան լրագրողն ասել է. «Ո՛չ»:
Նա նաև Թրամփին հիշեցրել է, որ սա իրապատում շոու չէ, այլ իրական կյանք:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, այս տարի ռեկորդային թվով ամերիկացիներ են մասնակցել ԱՄՆ նախագահի ընտրությունների վաղաժամ քվեարկությանը:
Հայտնի է, որ վաղաժամ ընտրություններին արդեն քվեարկել է 46.27 մլն մարդ, որոնց թվում իրենց ակտիվությամբ առանձնանում են հատկապես դեմոկրատ Հիլարի Քլինթոնին աջակցող լատինամերիկացիները:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ընտրողներին տեղեկացրել է, որ ինքը ժամկետից վաղ քվեարկել է նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի օգտին:
«Ես արդեն քվեարկել եմ, ու քվեարկել եմ Հիլարի Քլինթոնի օգտին»,- ասել է Օբաման Միչիգան նահանգում ունեցած ելույթի ժամանակ:
Օբաման նշել է, որ քվեարկել է Քլինթոնի օգտին, քանի որ «կարող է երկրի ապագան վստահել նրան»:
«Դուք պետք է նույնն անեք: Եթե հաղթի Հիլարի Քլինթոնի հակառակորդ Դոնալդ Թրամփը, մեր բոլոր ձեռքբերումներն անիմաստ կդառնան»,- ավելացրել է նա:










