Աշխարհի ամենատարօրինակ լեզվով հնարավոր է և խոսել, և սուլել
Օսլոյի համալսարանի լեզվաբանության պրոֆեսոր Ռոլֆ Թեյլը հայտնել է, որ պիրահա լեզուն, որի միջոցով հաղորդակցվում է Ամազոնի շրջանում բնակվող պիրահա որսորդ-հավաքիչների ժողովուրդը, աշխարհի ամենատարօրինակ լեզուն է։
Ռոլֆ Թեյլի խոսքերով` պիրահա լեզուն ամենահնչերանգային լեզուներից մեկն է. բառերի, իմաստների տարբերակման համար օգտագործվում է հնչյունի բարձրությունը: Դրանից բացի, այս լեզվով կարելի է խոսել, երգել և սուլել: Տղամարդիկ սուլում են որսի ժամանակ` իրենց ընկերների հետ փոխանակվելով տեղեկություններով և չվախեցնելով կենդանիներին: Ընդ որում, այս լեզվի համար բնորոշ է հնչյունների ամենափոքր քանակությունը` երեք ձայնավոր և ութ բաղաձայն:
ScienceNordic գիտական հրատարակությունը գրում է, որ պիրահա լեզվում բացակայում են թվականները, ինչպես նաև գույներն անվանող բառերը: Քանակությունը որոշվում է երեք բառերից մեկով` «մի քանի», «ավելի շատ» կամ «շատ», սակայն հատուկ թվային արժեքներ բառերը չունեն: Եթե անհրաժեշտ է լինում խոսել գույնի մասին, դրա համար օգտագործվում է այդ գույնը կրող առարկան, օրինակ` «արյուն» - «կարմիր» կամ «տերև» - «կանաչ»:
Նշվում է, որ այս լեզվում բայերը զուրկ են ժամանակային ձևերից:










