Քննարկում վարչապետ Կարեն Կարապետյանի հետ (տեսանյութ)

16:41 • 03.12.16

19:09 

Վերին Լարսի հարցը բարդ է, անցակետը ներդրումների կարիք ունի, բայց կողմերից մեկը հետաքրքրված չէ. Կարեն Կարապետյան 


Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպված քննարկմանը վարչապետ Կարեն Կարապետյանին հարց ուղղվեց, թե ի վերջո ինչպես են Վերին Լարսի հարցը լուծելու, որն արդեն երկու օր է՝ փակ է: 

«Հնարավոր չէ՞ մեր հարևանների հետ լուծում գտնել»,-հարցը գինու արտադրությամբ զբաղվող ընկերության ներկայացուցչինն էր:

«Հնարավորություն միշտ ունենք, բանակցում ենք այս պահին, բայց բարդ խնդիր է»,-խոստովանեց վարչապետը: 

Ըստ նրա, անցակետը հետաքրքիր է Հայաստանի համար, բայց ներդրումների կարիք ունի, որ թողունակությունը մեծանա: 

«Բայց քանի որ Ռուսաստանի և Վրաստանի սահման է, հնարավորություն չունենք. կողմերից մեկը համաձայն է ներդրումներ անել, մյուսն այդքան էլ շահագրգռված չէ, բայց բանակցություններ գնում են»,-ասաց նա:  

Մեկ այլ հարցին, թե ինչպես է պատրաստվում գնաճը զսպել, հատկապես տոներին ընդառաջ, վարչապետն ասաց, թե վերահսկողության մեխանիզմներն էֆեկտիվ չեն, բացի հակամոնոպոլ վերահսկողությունից:

«Որպեսզի գները չաճեն, մրցակցությունը պետք է բարձրացնել. երբ որ առաջարկը շատանա, գները կընկնեն։ Այդ ուղղությամբ աշխատում ենք, բայց մեր գործառույթներն արդար միջավայր ստեղծելը պետք է լինի, որ մրցակցային գին ձևավորվի»,-ասաց նա:

Հարց հնչեց նաև տուրիզմի ոլորտից. «Դուք ասում էիք, որ ՀՀ-ն կարող է զարգանալ տուրիզմի տեսակետից, ի՞նչ ծրագրեր ունեք, երբ քաղաքը ոչնչացվում է, արդեն որևէ բան չունենք ցույց տալու, Գյումրին չի կառուցվում, իսկ տուրիզմի բյուջեն կրճատվել է»։ 

Կարեն Կարապետյանը նշեց, թե ծրագիր են պատրաստում, որը կներկայացվի առաջիկայում: «Իսկ ընդհանրապես տուրիզմի մասին խոսելով՝ վստահ եմ, որ ՀՀ-ն թերագնահատված է, մենք ծրագիր կանենք, նոր կոմիտե ենք ստեղծել։ Կարծում եմ՝ ակտիվ, կրակը մեջը անձնավորություն է, երբ պատրաստ լինենք, կներկայացնենք»,-ասաց նա:

Իսկ թե ինչու են 400 մլն դրամ տարեկան տրամադրվում կինոյի զարգացմանը, երբ ՀՀ-ում կինոն չի զարգանում, վարչապետը պատասխանեց, թե կինոյի մասին պատկերացում չունի:

«Դրան դեռ չեմ հասել»,-ասաց նա:  

  
(Տեսանյութը դիտել 29-րդ րոպեից)



----------------------------

18:51


«Եթե էֆեկտիվ չեն, իզուր աշխատավարձ ես տալիս, կրճատե՞մ, թե պահեմ». վարչապետը վստահ է՝ պետապարատի կրճատումը ճիշտ է 


Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպված քննարկմանը վարչապետ Կարեն Կարապետյանին հարց ուղղվեց, թե ինչպես է պատրաստվում գործազրկության մակարդակը կրճատել, երբ զուգահեռ պետական ապարատի մասսայական կրճատումներ են լինում: 

Վարչապետը նշեց, թե գործազրկության մակարդակի կրճատման համար պետք է աշխատատեղ ստեղծել, բիզնեսին շահագրգռել, որ աշխատատեղ ստեղծի:

«Ինչ վերաբերում է կրճատումներին, դա դուք եք նման ձևով մեկնաբանում, որ ես դրանով գործազրկությունը շատացնում եմ. մյուս կողմից էլ ռեգուլյար հնչում է պետական կառավարման ապարատի ուռճացման մասին: Դուք ինչպե՞ս եք նայում՝ կրճատե՞մ, թե պահեմ, եթե էֆեկտիվ չեն, իզուր աշխատավարձ ես տալիս։ Ես վստահ եմ, որ ճիշտ ենք անում»,-եզրափակեց նա: 

Հարցին, թե ինչ քայլեր են արվում արտագաղթի տեմպերը կասեցնելու համար, վարչապետ Կարապետյանը պատասխանեց, թե փորձելու են կյանքը Հայաստանում լավացնել, որ արտագաղթ չլինի: 

«Պետք է այնպես անել, որ արտագաղթելու ցանկություն չլինի ընդամենը»,-ասաց նա:

----------------------------

18:36

 ՀՀԿ-ականների մոտ նկատել եմ փոխվելու ցանկություն, ինչի անհրաժեշտությունը միանշանակ կա. Կարեն Կարապետյան


Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-ամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպված քննարկմանը վարչապետ Կարեն Կարապետյանին հարցրեցին, թե ինչու որոշեց անդամակցել Հայաստանի Հանրապետական կուսակցությանը: 

«Հաշվի առնելով ՀՀԿ բավականին ցածր վարկանիշը, ինչպիսի՞ մեխանիզմ եք պլանավորում կիրառել արմատական փոփոխության համար, օրինակ՝ քրեական գործեր հարուցել ապօրինի գործող իշխանության հանդեպ»,-հարցրեցին դահլիճից:

Կարեն Կարապետյանը նշեց, թե ինքը 7 կետով բացատրել է դրդապատճառները և իր մոտիվացիան, թե ինչու է ՀՀԿ ընդունվել, ինչն ըստ նրա՝ տրամաբանական էր:

«Անկեղծ եմ ասել, ինչ-որ ասել եմ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է քրեական գործեր հարուցելուն, ապօրինի հարստացմանը և այլն, Կարեն Կարապետյանը նշեց, թե դրանք այնպիսի գործընթացներ են, որ անելու էր անկախ իր՝ ՀՀԿ անդամակցությունից: 

«Որովհետև անհրաժեշտությունը կա հասարակության մեջ»,-ասաց նա:

Անդրադառնալով այն հարցին, թե ինչ են անելու, որ «ՀՀԿ-ն հաղթի», վարչապետը նշեց, որ այդ հարցին պատասխանել է իր 7 կետում: 

«Իսկ պատճառներից մեկը. ՀՀԿ-ականների հետ մեր շփման ժամանակ, իրենց մեջ, կուսակցության մեջ նկատել եմ ցանկություն՝ առաջին հերթին փոխվելու և փոխելու: Կստացվի՞՝ ժամանակը ցույց կտա, իսկ անհրաժեշտություն կա՞, միանշանակ կա»,-ասաց նա:

----------------------------

18:30


«Ինտելեկտուալ ընդդիմությունը». վարչապետի պատասխանը հարցին, թե «որն է իր երազած ընդդիմությունը»


Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-ամյակի միջոցառումների շրջանակներում Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով քննարկմանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր պատասխանեց տարբեր հարցերի: 

Հարցին, թե որն է երկրի բրենդավորման ծրագիրը, վարչապետը պատասխանեց՝ «ինտելեկտուալ Հայաստանը, եթե դա կարելի բրենդավորում համարել»: 

Ինչ վերաբերում է հարցին, թե որն է իր երազած ընդդիմությունը, Կարեն Կարապետյանն ասաց, որ դա «ինտելեկտուալ ընդդիմությունն» է: 

Վարչապետը նշեց, որ լավ կրթական համակարգը խիստ անհրաժեշտ է, վաղվա օրը գրագետ մարդու օր է, այդ իսկ պատճառով կրթությունը չափից ավելի կարևոր է: Նա նշեց, որ «10-30 տարի հետո»-ի Հայաստանը պատկերացնում է անկախ, ինտելեկտուալ, անվտանգ, արդար:

«Կրթական համակարգում, ես կարծում եմ, որ մենք բարեփոխումների անհրաժեշտություն ունենք։ Դա վերաբերում է նախակրթությանը, դպրոցին, բուհին: Մենք, մասնավորապես, քննարկում ենք դպրոցում բնական գիտությունների նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելը, որոշակի տարիքից՝ 6-րդ, կամ 7-րդ դասարանից բիզնես կամ ֆինանսական դաստիարակում առարկան ներգրավելը»,-ասաց նա:

Կարեն Կարապետյանն ասաց, որ վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանի ամենաշատ տաղանդավոր, որոշակի ոլորտներում մեծ դերակատարում ունեցող մարդիկ եղել են գյուղական և փոքր համայնքներից, այդ իսկ պատճառով այդ երեխաներին հնարավորություն չտալ լավ կրթություն ստանալ՝ կնշանակի ապագայի հետ կապված խնդիրներ ունենալ:

Վարչապետին հարց ուղղվեց, թե որոնք են նրա սեղանի 3 գրքերը։ 

«Իմ սեղանին շատ գրքեր կան, երեք չեն, և մի գիրք սկզբից մինչև վերջ վերջերս կարդացած չկամ, մի գրքից մյուսի վրա եմ թռնում»,-ասաց նա։

 
----------------------------

18:19

Որպես բարեգործության աղբյուր սփյուռքին ռեգուլյար դիմելն անհեռանկարային է և ինքնասիրության խնդիրներ առաջացնող. վարչապետ
 

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) իր 110-ամյակի միջոցառումների շրջանակներում այսօր կազմակերպել է քննարկում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ՝ Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով։ 

Մի շարք հարցերի թվում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին հարց ուղղվեց այս տարվա հոկտեմբերի 28-ին «Հայաստանի Հանրապետություն» և «Նյու-Յորք Թայմս» թերթերի հրապարկման մասին, երբ մի խումբ անվանի հայեր «Գլոբալ հայերի ապագան այսօր է» վերնագրով հայտարարություն էին տարածել, որ Հայաստանի համար աննախադեպ հնարավորություն են տեսնում՝ զարգացող, ժամանակից, խաղաղ և առաջադեմ հայրենք դարձնելու հնարավորություն:

Վարչապետը նշեց, որ կա այդ հնարավորությունը: 

«Նախ և առաջ գլոբալ հայերի մեջ բազմաթիվ ներկայացուցիչներ կան, որոնց հետ անձնական մոտ ընկեր եմ»,–ասաց նա և նշեց, որ համախմբելով բոլոր ուժերը, քննարկելով, ակտիվ քաղաքացիական դիրքորոշում, «ամբիցիոզ» գնահատականներ դնելով՝ պետք է գնան այդ ուղղությամբ:

«Կարո՞ղ ենք, թե ոչ, իհարկե կարող ենք, լինելո՞ւ է, թե ոչ, լինելու է միանշանակ, մեր կառավարման օրո՞ք կլինի, թե ոչ, ժամանակը ցույց կտա: Ամենամեծ պոտենցիալը մարդկային կապիտալն է»,-ասաց նա և նշեց, որ Սփյուռք-Հայաստան-Արցախ համագործակցությունը խիստ անհրաժեշտ է:

Վարչապետը հավելեց, որ Հայաստանն առանց սփյուռքի մասնակցության թեև կարող է գոյատևել, ապրել, սակայն սփյուռքահայության հետ հնարավորությունները կրկնապատկվում, տասնապատկվում են, և ինչո՞ւ դրանք չօգտագործել: 

«Սփյուռքը առանց Հայաստանի կարո՞ղ է, ոչ»,-ասաց նա և նշեց, որ պետք է այնպիսի պայմաններ ստեղծեն, որ ներդրումների առումով Հայաստանը սփյուռքին հետաքրքիր լինի: 

«Բարեգործությունը յուրաքանչյուրի խղճի, իր անձնական որոշելու խնդիրն է։ Ռեգուլյար սփյուռքին դիմել՝ որպես բարեգործության աղբյուր, անհեռանկարային է և ինքնասիրության խնդիրներ առաջացնող»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ Հայաստանը դերակատարում ունի հայապահպանության հարցում, իսկ թե ինչ պետք է անի, դա խնդիր է: Նա ասաց, որ այսօր աշխատանք կատարվում է այդ ուղղությամբ, սակայն իր կարծիքով՝ ոչ այնքան էֆեկտիվ։

 
----------------------------

18:06

Կարծում եք՝ ես ամենավատ ինֆորմացվա՞ծն եմ. Կարեն Կարապետյանը գիտի պաշտոնի գալու այսօրվա մոտիվացիան որն է

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-ամյակի միջոցառումների շրջանակներում Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով քննարկմանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանում է տարբեր հարցերի: 

Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը նշեց, թե կոռուպցիայի դեմ պայքարի մասին բոլորն են խոսում, և ամենալավ պայքարի ձևը միջավայր փոխելն է: 

«Չգիտեմ մի վարչապետ կամ կառավարություն, որ ասեն՝ պայքարո՞ւմ ես, ասի՝ չէ, չեմ պայքարում»,-ասաց նա:

Կարեն Կարապետյանը նշեց, թե չի կարծում, որ հակակոռուպցիոն կառույց ստեղծելով՝ կոռուպցիան կվերանա, եթե չփոխեն միջավայրը: 

«Միջավայրը փոխելու համար պետք է մրցունակ, արդար դաշտ ստեղծենք բիզնեսում, հնարավորինս թափանցիկ լինի գնումների, վարկային միջոցների տրամադրման համար. եթե միջավայրը փոխում ենք, կոռուպցիայի համար դժվար է դառնում, դա կոռուպցիայի դեմ ամենալավ պայքարն է»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպես է վերաբերվում այն հանգամանքին, որ կառավարության անդամներից մեկը կամ մի քանիսը բիզնեսի սեփականատեր են, ընդ որում այն ոլորտում, որտեղ ղեկավարում են, վարչապետն ասաց, թե պարզ է, որ պետական ծառայողը դա պետք է բացառի, որովհետև կա շահերի բախում: 

«Բայց այսօր, գիտեք, որ պետական ծառայողի վարձավճարներն այնպիսին են, որ չենք կարող լավ ծառայողի ընդգրկել»,-ասաց նա:

Նա համաձայնեց, որ կառավարության անդամների մեջ մարդիկ կան, որոնց հրավիրել է և ովքեր բիզնեսի հաջողակ կառավարիչներ են: 

«Ես վստահ եմ իրենց մաքրության վրա և վստահ եմ, որ պետական ատյանը չեն օգտագործելու իրենց բիզնեսը լոբբինգ անելու կամ պաշտոնը չեն օգտագործելու անձնական հարստացման համար: Բայց ինձ պետք է մարդ գա, ով, ժողովրդական խոսքով ասած, աչքը աջ ու ձախ չնետի»,-ասաց նա և նշեց, որ ի վերջո պետք է գան այնպիսի  պետական համակարգի, որ պետական ծառայողի աշխատավարձը լինի մոտիվացնող, որ նա արժանապատիվ քայլեր իրականացնի:

Հարցին, թե Կարեն Կարապետյանը գիտի՞ պաշտոնի գալու այսօրվա մոտիվացիան որն է, վարչապետը պատասխանեց. «Կարծում եք՝ ես ամենավատ ինֆորմացվա՞ծն եմ»։

Կարեն Կարապետյանը խոսեց նաև անկախ դատական համակարգի անհրաժեշտության մասին, որ պետք է քայլեր ձեռնարկել, իրականացնել բարեփոխումներ:  

«Ինչքան մոտ ժամանակ դա կարող ենք անել, չեմ կարող ասել, բաց որ հստակ պահանջ կա, դա փաստ է»,-ասաց նա:


----------------------------

17.43

Եթե ստվերի դեմ չպայքարենք, չբերենք սպիտակ դաշտ, ապագա չունենք. Կարեն Կարապետյան

Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) 110-ամյակի միջոցառումների շրջանակներում Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով քննարկմանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանել է տարբեր հարցերի: Ի պատասխան հարցին, թե ինչպես է կառավարությունը պատրաստվում կարճ ժամանակահատվում կենսագործել իր ծրագիրը, վարչապետը նախ անդրադարձավ ներկայացրված երկարաժամկետ և երկարաժամկետ ծրագրերին և ասաց, որ կարճաժամկետ ծրագիրը ցույց կտա, թե որ ոլորտներում ինչպես են պատկերացնում շարժվել առաջ, իսկ երկրորդ փուլը կառավարության երկարաժամկետ տեսլականն է։

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու են երկու փուլով ծրագիր ներկայացրել, վարչապետը պատասխանեց. «Առաջինը ներկայացրել ենք կարճաժամկետ ծրագիր, որպեսզի հնարավոր օպոնենտները չասեն, թե դուք ի՞նչ գիտեք՝ 2017 թվականի ապրիլից հետո կլինե՞ք, թե ոչ, բայց մյուս կողմից հնարավոր չէ վեցամսյա ժամկետում կառավարել՝ հեռակա նկարագիր կամ նպատակ չունենալով»,-ասաց նա և նշեց, որ դիտարկելու են 2014 թվականին ընդունված ռազմավարությունը և կարիք լինելու դեպքում ադապտացնելու և փոխելու են այն:

«Կառավարության առաջնահերթ խնդիրներից մեկն է արդար, հավասար մրցունակ դաշտ ստեղծելը: Տարբեր ռեյտինգներով, տարբեր հարցումներով ամենաերջանիկ երկրների թվում գտնվում են այն երկրները, որոնք որ ստեղծել են մաքսիմալ բարենպաստ պայմաններ աշխատող մարդու համար, հավելյալ արժեք ստեղծող, ստեղծագործ մարդու համար: Այդ երկրներ մեջ չկան երկրներ, որոնք ունեն նավթ, գազ կամ այլ պաշարներ: Այդ իսկ պատճառով, առաջին խնդիրը՝ մենք պետք է ստեղծենք արդար, մրցունակ, հավասար պայմաններ աշխատող մարդու համար»,-ասաց նա և նշեց, որ դա այդուհանդերձ բավարար չէ տնտեսությունն աշխուժացնելու համար: 

«Մենք պատրաստ ենք մեր վրա վերցնել որոշակի խթանողի դերակատարում, այսինքն՝ կփորձենք բիզնեսի հետ համատեղ մասնակցել, ինչը տարբեր բանաձևեր ունի, որ բիզնեսը աշխուժանա, ոգևորվի և հավատա»,-ասաց նա՝ նշելով, որ այնուամենայնիվ դա, իր պատկերացմամբ, շատ դեպքերում այդքան էլ պետության գործառույթը չէ։

Վարչապետը նշեց, որ առաջնահերթ ծրագրերի մեջ քննարկվում են նաև հարկային բարեփոխումները և գտնում են, որ պարզեցման խնդիր կա։ 

Անդրադառնալով Հարկային օրենսգրքի ընդունման վերաբերյալ քննադատություններին, նա ասաց, որ ընդդիմախոսների մոտ այնպիսի վերաբերմունք կա, թե սպիտակ դաշտում աշխատողների բեռը բարձրացնում են, ստվերին նկատմամբ վերաբերմունք ցույց չեն տալիս: 

«Գուցե դրա մեջ որոշակի ճշմարտություն լինի, սակայն մենք ակնհայտ հասկանում ենք, որ եթե ստվերի դեմ չպայքարենք, չբերենք սպիտակ դաշտ, մենք ապագա չունենք: Կարծում եմ, որ մեր առաջ դրված առաջնային խնդիրն այն է, որ կարողանանք հասարակության հետ հետադարձ կապ ստեղծել, և ազդակները, որ ուղարկում ենք հասարակությանը, որոշակի ոգևորություն առաջացնեն»,-ասաց նա:






----------------------------

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) իր 110-ամյակի միջոցառումների շրջանակներում այսօր կազմակերպել է քննարկում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ՝ Հայաստանի երկարաժամկետ սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով։ 

Վարչապետի հետ «Վերափոխել Հայաստանն ու ներգրավել սփյուռքը՝ միասնականությամբ և համատեղ պատասխանատվությամբ» թեմայով զրույցը նպատակ ունի աշխարհասփյուռ հայերին միավորել երկրի կայուն զարգացման շուրջ` երկխոսության և համատեղ կայացվող որոշումների միջոցով։

Հանդիպման ընթացքում անդրադարձ կկատարվի հետևյալ հիմնական ոլորտներին՝ տնտեսական, իրավական, սոցիալական, գիտական, կրթական և մշակութային։

ՀԲԸՄ զրույցը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ նպատակ ունի ստեղծել կառուցողական երկխոսության հարթակ, որպեսզի Հայաստանում, Արցախում և սփյուռքում բնակվող հայերը, համընդհանուր պատասխանատվությամբ սահմանենք, իրականացնենք և գնահատենք մեր նպատակները:

 

Հանդիպման ընթացքում, դատելով ուղարկված հարցերից, անդրադարձ կկատարվի հետևյալ հիմնական ոլորտներին՝ տնտեսական, իրավական, սոցիալական, գիտական, կրթական և մշակութային։

Զրույցը վարում է Մարկ Գրիգորյանը։