Այսօր մոլորակի ամենածեր դերասան Քըրք Դուգլասը տոնում է ծննդյան 100-ամյակը

11:44 • 09.12.16

Հոլիվուդյան աստղ Քըրք Դուգլասն այսօր նշում է ծննդյան 100-րդ տարեդարձը, հայտնում է kp.ru-ն՝ նկատելով, որ «Սպարտակ»-ի դերակատարը հետայսու համարվում է մոլորակի ամենատարեց դերասանը:


Հայտնի է, որ կաթված տարած Դուգլասը վերջին անգամ նկարահանումների է մասնակցել 2008թ., սակայն այժմ անցել է թոշակի:


Քըրք Դուգլասը ծնվել է Նյու Յորքում՝ Ռուսաստանից գաղթած հրեա Հերշել Դանիելովիչի ընտանիքում: Ծնողներն ապագա կինոաստղին տվել են Իսուր անունը:


Նշվում է, որ տղան դեռ մանկուց երազում էր դերասանական կարիերայի մասին, սակայն այն ժամանակ հրեական ազգանունով դա, գրեթե, անհնարին էր: Ուստի՝ կինոստուդիաների առաջարկով նա անվանափոխվել է՝ վերցնելով Քըրք Դուգլաս հնչեղ կեղծանունը:


Բարետես արտաքինով ամրակազմ երիտասարդն իր առաջին դերը ստացել է «Մարթա Այվերսի տարօրինակ սերը» (1946թ.) դրամայում, մինչդեռ առաջին գլխավոր դերը Դուգլասը խաղացել է «Չեմպիոնը» ֆիլմում: Այդ դերի համար նա ներկայացվել է հեղինակավոր «Օսկար» մրցանակի:


Ընդհանուր առմամբ, Դուգլասը 3 անգամ ներկայացվել է «Օսկար»-ի, սակայն 1 անգամ է արժանացել բաղձալի մրցանակին՝ կինոոլորտի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար:


1950-ականներին Դուգլասն իսկական կինոաստղ էր ու նկարահանվում էր այն ժամանակների լավագույն ռեժիսորների նախագծերում: Նրա լավագույն դերերից մեկն է համարվում համանուն ֆիլմում Սպարտակի կերպարի մարմնավորումը:


Աղբյուրը նկատում է, որ Քըրք Դուգլասի որդին՝ 1944թ. ծնված Մայքլ Դուգլասը, շարունակել է հոր ուղին, սակայն փառքով ու ճանաչմամբ չի գերազանցել նրան:


Կաթված տարած Դուգլաս ավագն այս տարիքում գրում է հուշագրեր ու վեպեր, ինչպես նաև վարում է ինտերնետ-բլոգ: Ի դեպ, 94 տարեկանում նա ճանաչվել է աշխարհի ամենատարեց բլոգերը:

 

 

Այսօր մոլորակի ամենածեր դերասան Քըրք Դուգլասը տոնում է ծննդյան 100-ամյակը