Ռոուլինգի ձեռքով գրված և նկարազարդված գիրքը հանվել է Sotheby's-ի աճուրդի (լուսանկարներ)
Ջոան Ռոուլինգի «Բարդ Բիդլի հեքիաթները» գիրքի մեկ նմուշ, որը հեղինակն իր ձեռքով է գրել և նկարազարդել, աճուրդի է հանվել Sotheby's աճուրդային տանը:
«Բարդ Բիդլի հեքիաթները» մտնում են «Հոգվարթսի գրադարան» ցիկլի մեջ: Այն նմուշը, որի մասին գնում է խոսքը, վեց պատճեններից մեկն է, որը Ռոուլինգը ինքն է արել և նվիրել Հարի Փոթերի մասին պատմությունը կյանքի կոչելու գործում իրեն օգնած մարդկանց:
Reuters-ի հաղորդմամբ` գիրքը վաճառում է խմբագիր Բարի Քանինգեմը, ով թողարկել է Ռոուլինգի առաջին` «Հարի Փոթերը և Փիլիսոփայական քարը» գիրքը: Աճուրդը կկայանա դեկտեմբերի 13-ին Լոնդոնում: Սպասվում է, որ գիրքը կվաճառվի 300-500 հազար ֆունտ ստեռլինգով:
Նշվում է, որ «Բարդ Բիդլի հեքիաթները» գրքի յոթերորդ պատճենն արվել է 2007 թվականին` Lumos բարեգործական կազմակերպության աճուրդի ժամանակ հանգանակություններ հավաքելու համար, և դրա արժեքը կազմել է 1,95 միլիոն ֆունտ ստեռլինգ:










