«Լա Լա Լենդ»-ը Critics' Choice-ի վարկածով տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել (լուսանկարներ)
Ամերիկյան Սանտա Մոնիկա քաղաքում կայացել է Միացյալ Նահանգների և Կանադայի կինոքննադատների ասոցիացիայի՝ Critics' Choice Awards կինո և հեռուստամրցանակաբաշխության 22-րդ արարողությունը, որի շրջանակում Էմմա Սթոունի և Ռայան Գոսլինգի մասնակցությամբ «Լա Լա Լենդ»-ը ճանաչվել է տարվա լավագույն ֆիլմ:
Այս մասին հայտնում է hollywoodreporter.com-ը՝ հավելելով, որ մյուզիքլի ռեժիսոր Դեմիեն Շազելն արժանացել է տարվա լավագույն ռեժիսորի կոչմանը:
Մինչդեռ տարվա լավագույն դրամատիկ սերիալ է ճանաչվել «Գահերի խաղ»-ը, իսկ «Սիլիկոնյան հովիտ»-ը՝ տարվա լավագույն երգիծական հեռուստասերիալ:


Լավագուն դերասանի և դերասանուհու կոչմանն են արժանացել Քեսի Աֆլեքը («Մանչեսթերը ծովի ափին») և համապատասխանաբար՝ Նատալի Պորտմանը («Ջեքի»):


Լավագույն գիտաֆանտաստիկ ֆիլմ է ճանաչվել «Ժամանում»-ը, լավագույն մրցութային հեռուստաշոու՝ The Voice-ը:


Մինչդեռ հոլիվուդյան դերասան Ալեք Բոլդուինը մրցանակ է ստացել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին նմանակելու համար: Նշենք, որ դերասանը Թրամփին նմանակել է ամերիկյան NBC հեռուստաալիքով հեռարձակվող Saturday Night Live շոուի ժամանակ:











