Հայաստանի և Իրանի միջև ընդհանուր սահմանը լրացուցիչ տրանսպորտային միջանցք է ԵԱՏՄ–ի համար. Տատյանա Վալովայա
Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև համագործակցությունը, որը կայանում է Հայաստանի միջնորդությամբ, շահավետ կլինի բոլոր կողմերի համար: Tert.am -ի հետ զրույցում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության հիմնական ուղղությունների կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան:
«Երբ խոսքը Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության մասին էր, մենք ելնում էինք նրանից, որ Հայաստանն անդամակցելով առավելագույնը կօգտագործի տարածաշրջանում իր դիրքը, կհանդիսանա «դարպաս Կովկասից» դեպի ԵԱՏՄ: Իրանի հետ համագործակցությունն ընթանում է հենց այս տրամաբանությամբ: Հայաստանն Իրանի հետ սահմանակից է, ինչը լրացուցիչ տրանսպորտային միջանցք է մեզ համար»,- ասաց ԵՏՀ նախարարը:
Տատյանա Վալովայան նշեց, որ ավելի վաղ ինքն ու իր գործընկերները քննարկում էին ԵԱՏՄ հետաքրքրությունը Հյուսիս-Հարավ ավտոճանապարհային մայրուղու վերաբերյալ, հաշվարկում, թե ինչ բեռներ կարելի է տեղափոխել այս ճանապարհով, իսկ Իրանի հետ համագործակցությունը լուծում է նաև այս ասպեկտը:
Նախարարը դժվարացավ ասել, թե երբ կտրվի համագործակցության մեկնարկը, բայց նշեց, որ պետությունները շահագրգռված են որքան հնարավոր է շուտ սկսել ազատ առևտրի համաձայնությունը:
Հիշեցնենք, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհուրդը դեռևս նախորդ տարվա օգոստոսին որոշում է կայացրել ԵԱՏՄ և Իրանի միջև Առևտրի ազատ գոտու ստեղծման նպատակահարմարությունն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելու մասին, որը շարունակում է իր աշխատանքները Հայաստանի նախաձեռնությամբ ու միջնորդությամբ:










