Նաիրյան դալար հովտի սեղմապատկերը. 2016թ.-ի իրական հեղափոխականները
Այսօր «Ստեղծագործական Հայաստան-2016» -ի գլխավոր մեդիահարթակ են բարձրանում տեղեկատվական տեխնոլոգիաների առաջատարները, այն տեխնոհեղափոխականները, որոնց հաջողվել է իրենց կրեատիվ միտքը վերածել հայտնի ստարտափների և դառնալ ճանաչված անուն:
Ժամանակակից, արդյունավետ երկիր կառուցելու այլ ելք չկա՝ ելքը նրանք են, ովքեր կարող են Հայաստանը կապակցել աշխարհի թվանշային նոր լեզվին, հաղորդակցական նոր քարտեզին, մտածել և գործել գլոբալ: Աշխատում է նոր, ցանցային կենսաժամացույցը և իրական իշխանությունն այսօր ծվարած չէ կառավարական շենքերում. այն գտնվում է տեխնոկրատների գրպանում, նրանց պլանշետների վրա: Շնորհակալություն, ՏՏ հայտնի դեմքերին տարեվերջյան մեր այս նախագծին միանալու համար:
1․ Ո՞րն էր 2016թ.-ի ամենանշանակալի հասարակական-քաղաքական իրադարձությունը:
Արտաշես Վարդանյան / Microsoft Armenia, տնօրեն/- «Ավրորա» մրցանակաբաշխությունը։
Հայկ Ասրիյանց /«Stаrtup Armenia», հիմնադիր և տնօրեն/- Դժվարանում եմ առանձնացնել մեկը, բայց կնշեմ ապրիլյան պատերազմը, հուլիսյան իրադարձությունները և նոր կառավարության ձևավորումը:
Վահրամ Միրաքյան /ԵՊՀ, ՏՏ դասախոս/- 2016 թ.-ի երկու կարևոր իրադարձություն կառանձնացնեի մեզ համար, որոնք, կարծում եմ, անուղղակի իրար հետ կապ ունեն: Առաջինը ապրիլյան պատերազմն է, երկրորդը՝ վարչապետի ու կառավարության փոփոխությունը: Երկուսն էլ երկարաժամկետ փոփոխությունների սկիզբ դարձան, որից հետո Հայաստանն այլևս նախկինը չի լինի: Իսկ թե ինչ կլինի՝ կապրենք, կտեսնենք:
Արտակ Պողոսյան /«ԿՏԱԿ»/Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն/, տնօրեն/- Հայաստանի Հանրապետության նոր կառավարության ձևավորումը:
Սուրեն Ալոյան / Dasaran կրթական ծրագրի հիմնադիր նախագահ /- Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակվելն ու «դրայվով» պաշտոնավարումը:
Արման Աթոյան /X-TECH ընկերության հիմնադիր, տնօրեն/ - Նոր վարչապետի նշանակումը և իր միտքը, որ ուզում է աշխարհը շուռ տվող գաղափարներ:
Գրիգոր Սաղյան /«Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ/ - ՀՀ-ում՝ «Սասնա ծռեր» զինված խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավումը և դրան հաջորդող իրադարձությունները:
Վաձ Ղազարյան /UI/UX designer/ -Էլոն Մասկը հայտարարեց, որ պատրաստվում են կոլոնիզացիա անել դեպի Մարս:
Արբակ Մարտիրոսյան /«Կորիզ» հայկական ստարտափ ընկերության համահիմնադիր/ - Ապրիլյան պատերազմը:
Հրաչյա Մանուկյան /«Հաջողության բլոգի» հիմնադիր, «Փոխիր կյանքդ» գրքի հեղինակ և օգտակար կարծիքներ ստանալու «Թրութլի» հարթակի համահիմնադիր/- ԱՄՆ նախագահի ընտրությունները:
Արմեն Մկրտչյան / ծրագրավորող, IT բլոգեր/- 2016թ.-ի ամենանշանակալի հասարակական-քաղաքական իրադարձությունն, անկասկած, հարկադրված ապրիլյան քառօրյա պատերազմն էր, որի ընթացքում, ցավոք, զոհվեցին հարյուրավոր հայորդիներ: Այդ օրերին գրեթե բոլոր հայերը միաբան փորձում էին իրենց կարողությունների չափով օգնել միմյանց: 2016թ-ի ամենանշանակալի հասարակական-քաղաքական իրադարձություններից էր նաև «Սասնա ծռեր» ջոկատի կողմից ՊՊԾ գնդի գրավումը:
2.2016թ.-ի մշակութային ամենամեծ իրադարձությունը:
Արտաշես Վարդանյան - «The Promise» ֆիլմի պրեմիերան, եթե չեմ սխալվում այն սեպտեմբերին էր:
Հայկ Ասրիյանց- Կարծում եմ՝ «Ոսկե Ծիրան» կինոփառատոնը:
Վահրամ Միրաքյան - Մի քանի րոպե մտածում եմ ու չեմ կարողանում հիշել մշակութային իրադարձություն, որը կհամարեի ամենանշանակալին: Կամ նրանից է, որ առանձնապես չեմ հետևում մշակութային ոլորտին, կամ էլ, իմ սուբյեկտիվ կարծիքով, նշանակալի մշակութային իրադարձություն չի եղել:
Արտակ Պողոսյան - Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի ամանորյա համերգը:
Սուրեն Ալոյան - Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը Հայաստան:
Արման Աթոյան - Վիլյամ Սարոյանի 108-ամյակը, ցանկալի է, որ նման միջոցառումներ շատ լինեն:
Գրիգոր Սաղյան - «Pokemon Go» խաղի մեկնարկը։ ՀՀ-ում 6/8-ի գովազդային գործընթացի զանգվածային քննադատությունը։
Վաձ Ղազարյան - Վստահ չեմ, որ մշակութային արժեք է կրում շատերի համար, բայց ամենամյա այս ֆեստիվալը շատ մեծ արժեք է իրենից ներկայացնում, չքնաղ ֆոտոներ կան, ստորև՝ տեսահոլովակը:
Արբակ Մարտիրոսյան - Դևիդ Բոուիի մահը:
Հրաչյա Մանուկյան - Չեմ հետևել:
Արմեն Մկրտչյան - Կարծում եմ այս ոլորտի ամենամեծ իրադարձությունը հենց մշակույթի նախարարի փոփոխությունն էր: Արմեն Ամիրյանից այս պաշտոնում սպասելիքները շատ են: Հուսանք, որ նրա շնորհիվ մեր երկրի մշակութային կյանքը կաշխուժանա:
3. 2016թ.-ին կարդացած ամենախոսուն գիրքը:
Արտաշես Վարդանյան - Գիրք չեմ կարդում, բայց այս տարի 2 ուղևորությունների ժամանակ ինքնաթիռներում ու օդանավակայաններում կարդացել եմ «The Fourth Industrial Revolution, by Klaus Schwab»:
Հայկ Ասրիյանց - Նվեր էի ստացել մի քանի մասնագիտական գիրք, որոնցից ամենաշատը տպավորեց «The Drunkards Walk»-ը։
Հեղինակը հրաշալի օրինակներ է բերում և վերլուծում է, թե ինչպես են մարդիկ ընկալում պատահական իրադարձությունները և ստոխաստիկ գործընթացները:
Վահրամ Միրաքյան - Վստահ չեմ, թե հասկանում եմ, ինչ նկատի ունեք խոսուն գիրք ասելով, բայց ամենաշատ հավանածներիցս առաջինը հիշեցի սա. «Взлом маркетинга, Наука о том, почему мы покупаем». Фил Барден: 
Արտակ Պողոսյան- Ռեյ Բրեդբերի «451 աստիճան ըստ Ֆարենհեյթի», և Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա», վերընթերցել եմ:
Սուրեն Ալոյան - Malcolm Gladwell «The Tipping Point: How Little Things Can Make a Big Difference», David Meerman Scott «The new rules of marketing & PR»:
Արման Աթոյան- 4-րդ տրանսֆմորացիայի մասին, որ լրացված իրականությունը և վիրտուալ իրականությունը մտնում են մեր առօրյա և բիզնես:
Գրիգոր Սաղյան- Алексей Иванов «Ненастье»:

Վաձ Ղազարյան- Selfish gene:
Արբակ Մարտիրոսյան- Միշել Ուելբեք «Տարրական մասնիկներ»:
Հրաչյա Մանուկյան - Վահագն Դիլբարյան «100 բիզնես գաղտնիքներ»:
Արմեն Մկրտչյան - Գեղարվեստական գրքեր կարդալու փոխարեն նախընտրում եմ դիտել ֆիլմեր: Կարդում եմ հիմնականում մասնագիտական գրքեր: Այս տարվա սկզբում սկսեցի սովորել Անդրոիդ հավելվածների ծրագրավորում, այդ պատճառով կառանձնացնեմ հետևյալ մասնագիտական գիրքը՝ Android Programming: The Big Nerd Ranch Guide:
4.2016թ.-ին դիտած ամենատպավորիչ ֆիլմը /ռեժիսոր, եթե հնարավոր է՝ ֆիլմի հղումը/:
Արտաշես Վարդանյան - Now You See Me 2, Director: Jon M. Chu:
Հայկ Ասրիյանց - Միանշանակ, Ջեֆ Նիքըլսի «Midnight Special»-ը և Դեն Տրախտենբերգի «Կլովերֆիլդ 10-ը», թեև պիտի նշեմ, որ մի քանի կարևոր ֆիլմ բաց եմ թողել և նախատեսում եմ դիտել հունվարին: Չեմ կարող չնշել նաև «Սև հայելի» (Black Mirror) և Արևմտյան աշխարհ «Westworld» հեռուստասերիալները:
Վահրամ Միրաքյան - Ամենահավանածս ֆիլմերից Алехандро Гонсалес Иньярриту-ի«Выживший» ֆիլմն է
Արտակ Պողոսյան - «The Adjustment Bureau», ռեժիսոր Ջորջ Նոլֆի:
Սուրեն Ալոյան – «Դաշնակիցները», ռեժիսոր՝ Ռոբերտ Զեմեկիս:
Արման Աթոյան - «Inception» 2010 թվականի ֆիլմ է, բայց նայել եմ նորից այս տարի լրիվ նոր հայացքով, ու ստացել եմ լրիվ նոր տպավորություններ, ռեժիսոր Քրիստոֆեր Նոլան:
Գրիգոր Սաղյան - «Иллюзия обмана 2» Ջոն Չու, ԱՄՆ:
Վաձ Ղազարյան- Չէի ասի ամենատպավորիչը, բայց շատ գեղեցիկ է նկարված. «The Handmaiden», շատ զիլ է նկարած, մեծ բավականություն եմ ստացել դիտելիս:
Արբակ Մարտիրոսյան- «Идеальные незнакомцы» ու «Омерзительная восьмерка»:
Հրաչյա Մանուկյան- «Փախուստի պլան»:
Արմեն Մկրտչյան - 2016 թվականին նկարահանվել են բազմաթիվ տպավորիչ ու գեղեցիկ ֆիլմեր, սակայն դրանցից կառանձնացնեմ HBO-ի կողմից նկարահանված հերթական հեռուստասերիալը, որը կոչվում է «Westworld»: Այս ֆիլմաշարում մարդկանց կողմից ստեղծված ռոբոտները պայքարում են սեփական ազատության և բարեկեցիկ կյանքի համար: Ֆիլմում նկարահանվել է նաև ամերիկահայ դերասանուհի Անժելա Սարաֆյանը: Ֆիլմի ռեժիսորներն են Ջոնաթան Նոլանը և Լիսա Ջոյը:
5. 2016-ի հրապարակային ամենահնչեղ ելույթը:
Արտաշես Վարդանյան - ԱՄՆ նախագահի ելույթը Presidential Medal of Freedom մեդալների հանձնման միջոցառման ժամանակ։
Հայկ Ասրիյանց - Երևի թե ggTaxi-ի հիմնադիրներից մեկի հիպերէմոցիոնալ ելույթը ԲարՔեմփի ժամանակ:
Վահրամ Միրաքյան - Չեմ մտաբերում որևէ ելույթ, որը մեծ ազդեցություն է թողել ինձ վրա։
Արտակ Պողոսյան - Չեմ կարող առանձնացնել, քանի որ կարևորը ոչ թե ելույթներն են, այլ գործերը:
Սուրեն Ալոյան - Դոնալդ Թրամփի ելույթն այն մասին, որ նախագահ դառնալուց հետո ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև սահմանային պատ է կառուցելու, և այդ պատի կառուցումն էլ ֆինանսավորելու է հենց Մեքսիկան:
Արման Աթոյան - Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ելույթը Երևանում:
Գրիգոր Սաղյան - Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը ՀԱԿ համագումարում:
Վաձ Ղազարյան - Օբամայի ելույթը հեռանալու առիթով: Հասկանալի է, որ նրա համար գրել են տեքստ, բայց միևնույնն է, տպավորիչ է, կարծում եմ նախագահները հենց այդպես պետք է հեռանան: 
Արբակ Մարտիրոսյան - Բարաք Օբամա - last State of the union speech:
Հրաչյա Մանուկյան - gg ընկերության հիմնադիր Գրիգորյան Խաչատուրի ելույթը:
Արմեն Մկրտչյան - Ես կառանձնացնեմ ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարարի ելույթը «1000 դրամների» հետ կապված, որը մինչ այժմ մեծ քննարկումների ու բանավեճերի առիթ է դարձել:
6.2016թ.-ի ամենապոզիտիվն ու ամենանեգատիվը:
Արտաշես Վարդանյան - Ամենապոզիտիվը՝ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի մասնակցությունը Hour Of Code-ին, և Օտտավայում, որպես ծրագրավորող-մենթոր լինելը։ Նեգատիվները ուղղակի չեմ հիշում։
Հայկ Ասրիյանց - Ամենապոզիտիվը. հայրենադարձություն, արտասահմանյան ընկերությունների ներդրումները Հայաստանում, հայկական ընկերությունների և կազմակերպությունների հաջողությունը արտասահմանում:
Վահրամ Միրաքյան - 2016-ի ամոնապոզիտիվներից են երևի մի շարք կոռումպացված ու հակապետական գործունեությամբ հայտնի չինովնիկների ազատումը պաշտոններից, իսկ ամենանեգատիվն ապրիլյան պատերազմն ու ՊՊԾ գնդի հետ կապված իրադարձությունները:
Արտակ Պողոսյան - Ամենանեգատիվը՝ ապրիլյան իրադարձությունները, ամենապոզիտիվը՝ այնքան շատ են, որ չեմ առանձնացնի որևէ մեկը: Ես լավատես եմ:
Սուրեն Ալոյան - Հենրիխ Մխիթարյանի «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը և պահեստայինների նստարանին հայտնվելը (երբ բոլոր հայերը մտովի հայհոյում էին Ժոզե Մոուրինիոյին):
Արման Աթոյան - Ամենապոզիտիվը, որ բացվում են նոր ԹՈՒՄՈ-ներ և ԱրՄաթ լաբեր: Տարվա ամենանեգատիվը, իհարկե, ապրիլ ամիսն էր, որտեղ մենք ունեցանք 100-ից ավել զոհ:
Գրիգոր Սաղյան - Ամենապոզիտիվը՝ մարդու էմբրիոնի CRISPR/Cas9 եղանակով գենետիկական խմբագրման հաջող փորձարկումը։ Ամենանեգատիվը՝ Սիրիայի պատերազմը:
Վաձ Ղազարյան - Դժվարանում եմ ասել ամենապոզիտիվն է, բայց առաջինը սա մտքիս եկավ, նեգատիվը աշխատում եմ չհիշել, կյանքը առանց այն էլ լի է նեգատիվով:
Արբակ Մարտիրոսյան- Ամենանեգատիվը՝ բազմաթիվ հայտնի մշակութային գործիչների մահ, պատերազմ ու զոհեր, որոնցից կարելի էր խուսափել: Պոզիտիվը՝ անկանխատեսելի «Եվրո-2016»:
Հրաչյա Մանուկյան- Ամենանեգատիվը` ապրիլյան պատերազմը, ամենապոզիտիվը` պատերազմի ժամանակ, դժվար պահին, մարդկանց միավորումը:
Արմեն Մկրտչյան- 2016թ.-ի ամենապոզիտիվը կարելի է համարել Հենրիխ Մխիթարյանի տեղափոխումը «Մանչեսթեր» և նրա հաջող ելույթները, իսկ ամենանեգատիվը՝ Բաքու մեկնած ու հայերի դեմ դուրս եկած դավաճանների պատմությունները:
7. 2016թ.-ի մասմեդիայի ամենաազդեցիկ հրապարակումը /հեղինակ, նյութի հղումը/:
Արտաշես Վարդանյան- Չեմ հիշում։
Հայկ Ասրիյանց- Երևի ՎիքիԼիքսի հազարավոր բացահայտումները:
Վահրամ Միրաքյան - Լավ հոդվածներ շատ եմ հանդիպել, կոնկրետ մեկը, որը առանձնանում է, չեմ կարող ընտրել:
Արտակ Պողոսյան - Առաջնագծի զինվորները hetq.am:
Սուրեն Ալոյան - The Huffington Post-ի «Armenia champions pioneering impact investment trend» հոդվածը, հեղինակ՝ Ջեքի Աբրամյան:
Արման Աթոյան -Ռուբեն Վարդանյանի հարցազրույցն էր իմ համար ամենաազդեցիկը: Ռուբեն Վարդանյան. «Երկրորդ շանս չենք ունենալու»:
Գրիգոր Սաղյան- «Panamagate» հետազոտող ժուռնալիստների միջազգային կոնսորցիումի կողմից հրապարակված փաստաթղթերը տարբեր պարբերականներում։
Վաձ Ղազարյան- Դժվարանում եմ ասել:
Արբակ Մարտիրոսյան - Երևի Վիկիլիքսի ռուս հաքերների հրապարակումները Հիլարի Քլինթոնի մասին, ինչը որոշիչ դեր խաղաց նախագահական ընտրությունների վերջնի փուլում:
Հրաչյա Մանուկյան - Չեմ հետևել:
Արմեն Մկրտչյան - Իմ կարծիքով «Հետքի» կողմից հրապարակված «Պանաման նվաճած հայ գեներալը․ Միհրան Պողոսյանի օֆշորային ընկերությունները և հաշիվները շվեյցարական բանկերում» հոդվածը մեծ արձագանք գտավ 2016 թվականին, որի հետևանքով կատարվեցին նաև պաշտոնանկություններ: Հեղինակներ՝ Քրիստինե Աղալարյան, Էդիկ Բաղդասարյան:

8.2016թ-ի ամենասուր հումորը:
Արտաշես Վարդանյան- Ընտանեկան փոքր դրվագ է մոտս տպավորվել։ Բառացի ներկայացնեմ․ ընկերս իմ 4 տարեկան աղջկան հարցրեց, թե «որ փող տամ հյութ ես գնելո՞ւ, թե՞ կոնֆետ» աղջիկս պատասխանեց ՝«ոչ մի բան, ԲԻԶՆԵՍ եմ անելու»։
Հայկ Ասրիյանց- Դժվարանում եմ պատասխանել:
Վահրամ Միրաքյան- Չհիշեցի որևէ հումոր, որը տարվա լավագույն կհամարեմ: Երևի հումորով մարդ չեմ:
Արտակ Պողոսյան - Դոնալդ Թրամփի ԱՄՆ նախագահ ընտրվելը:
Սուրեն Ալոյան - «Իմ կինն իմ ընկերն է» մրցույթը:
Արման Աթոյան - Անեկդոտ եկավ մտքիս, որը 18+ է:

Գրիգոր Սաղյան - Պատասխան չունեմ՝ չեմ մտաբերում։
Վաձ Ղազարյան - Հոմորը պետք է դիտարկել կոնտեքստում, կոնտեքստից դուրս կարող է տափակություն թվալ՝ անգամ ամենասուր հումորը:
Արբակ Մարտիրոսյան - Երգիծաբան Ջոն Օլիվերի անդրադարձը Ռամզան Կադիրովին:
Հրաչյա Մանուկյան - Չեմ հետևել:
Արմեն Մկրտչյան - Եթե նայենք մասնագիտական տեսանկյունից, ապա 2016թ. ամենասուր հումորները կարելի է համարել նոր iPhone 7-ի ականջակալների անցքի ու վառվող Samsung Galaxy Note 7 սմարթֆոնների մասին հումորները:
9. Ամանորյա պաթետիկ կենացների փոխարեն՝ մասնագիտական 3 արժեքավոր խորհուրդ:
Արտաշես Վարդանյան - Ուսանողներին խորհուրդ կտայի սովորել ծրագրավորում՝ հետևելով վերջին տեխնոլոգիական թրենդներին, մոռանալ դիպլոմի «զորեղ» լինելու մասին, կենտրոնանալ ինքնակրթվելու վրա, շուտ չմոռանալ ապրիլյան իրադարձությունները (կարծես շատերի մոտ այնպիսի տպավորություն է, որ ապրիլյան իրադարձությունները Արցախում տեղի են ունեցել 5 դար առաջ)։
Հայկ Ասրիյանց- Կարդացե՛ք մասնագիտական գրքեր և մամուլ: Գտե՛ք ձեր ոլորտի և մասնագիտության ներկայացուցիչների, ընկերացեք, ակումբ կամ միություն ստեղծեք, պարբերաբար հանդիպումներ կազմակերպեք, միասին քննարկեք ընդհանուր խնդիրները, միասին լուծումներ գտեք, միմյանց պատմեք ձեր հաջողությունների և անհաջողությունների մասին: Ճամփորդե՛ք: Շատ ճամփորդեք:
Վահրամ Միրաքյան –1. Բիզնեսի ոլորտում, ամենակարևորը, հիշեք ու պարտադրեք, որ ընկերությունում բոլորը հիշեն, որ հաճախորդն է բոլորին կերակրողը, հաճախորդն է ամենակարևոր մարդը: 2. Փորձեք միշտ տեսնել դրականը, կենտրոնանալ դրականի վրա, հատկապես այն դեպքերում, երբ բացասականի վրա չեք կարող ազդել և ձեզանից կախված ոչինչ չկա: Բացասականը մեծացնում է նեգատիվը, բազմապատկում է նեգատիվը: 3. Գտեք տարբերակներ հաճախորդին հաճելիորեն զարմացնելու համար: Դրական էմոցիաներ տվեք հաճախորդներին, միշտ:
Արտակ Պողոսյան - 1.Անընդհատ կատարելագործվել, 2.Ինքնաքննադատաբար մտածել, 3.Հայրենասիրությունը դրսևորել ոչ թե պաթետիկ ելույթներով, այլ վստահված գործը պատասխանատվությամբ կատարելով:
Սուրեն Ալոյան - Եղե՛ք անկախ, եղե՛ք ազնիվ, եղե՛ք կրթված։
Արման Աթոյան - 2017-ը պետք է լինի Հայաստանի զարգացման և հզորացման տարի, մեր միակ հույսը ՏՏ-ի զարգացումն է և մասսայականացումը հետևաբար.
1.Ծնողներին խորհուրդ եմ տալիս իրանց երեխաներին փորձեն զարգացնել բնագիտական առարկանների ուղղությամբ, և ուղղորդեն դեպի ԹՈՒՄՈ-ներ և ՏՏ ոլորտ:
2. Ուսանողներին խորհուրդ եմ տալիս շատ լուրջ վերաբերվեն ՏՏ-ին, ցանկալի է գնան ծրագրավորման դասերի, փորձեն օնլայն կրթվել, երաշխավորում եմ, որ լավ մասնագետ դառնալու դեպքում իրենց սպասվում է լուսավոր ապագա:
3. ՏՏ մասնագետներին խորհուրդ եմ տալիս շատ լուրջ վերաբերվեն լրացված իրականության և վիրտուալ իրականության ուղղություններին, դրանք լինելու են շատ մեծ, և եթե մենք ժամանակին գրավենք մեր տեղերը, չի բացառվում, որ ապագայի Գուգլը կլինի հենց Հայաստանից:
Գրիգոր Սաղյան - 1. Չբացել անծանոթ էլեկտրոնային փոստի հասցեներից ստացված ցանկացած հավելված, անգամ եթե այն ունի հրապուրիչ կամ տրամաբանական բացատրագիր։
2. Տեղադրել հակավիրուսային ծրագիր համակարգչի/սմարթֆոնի վրա։
3. Բացել Google համակարգում անուն և սինքրոնացնել համակարգչի /սմարթֆոնի, ֆայլերը, հեռախոսահամարները, այլ պիտանի տեղեկատվություն այդ անվան հետ/։
Վաձ Ղազարյան- 1. Այ, խնձորի ծառ տնկել,
2. Սպասել աճի ու պառկել տակը,
3. Մնալ այնքան ժամանակ մինչև գլխին ընկնի, որ սկսեն հետաքրքիր մտքեր գալ:
Եթե ավելի լուրջ, ապա.
1. Երկար նույն բանի վրա չաշխատել, վեր կենալ հանգստանալ, ու նորից նայել, հաճախ աչքը հոգնում է նույն բանը նկարելիս, չի տեսնում լավն ու վատը, սկսում ենք փչացնել աշխատանքը,
2. Նոր գործիքներ սովորել, առհասարակ նոր բաներ շատ կարդալ, նայել, ուսումնասիրել, այդ ամենը հարստացնում է երևակայությունը,
3. Պատվիրատուին հնարավոր է համոզել, պետք է պարզապես հիմնավորել ճիշտ և զինվել համբերությամբ:
Արբակ Մարտիրոսյան - Հնարավորինս շուտ պրոդուկտը հասցնել շուկա: Առաջին տեղում միշտ դնել մարդկանց /թիմին, այլ ոչ պրոդուկտը/ : Աշխատել շատ, կենտրոնանալ մեկ բանի վրա, աշխատել ՇԱՏ:
Հրաչյա Մանուկյան- 1. Միշտ արեք այն, ինչից վախենում եք,
2. Ցանկացած գործում ամենից մեծ ուշադրությունը դարձրեք մարդկանց հետ շփմանը,
3.Կիսվեք օգտակար փորձով ու գիտելիքներով:
Արմեն Մկրտչյան - Հույսներդ դրեք Աստծո ու Ձեր ուժերի վրա, ինքնակրթվեք և եղեք լավատես:
«Ստեղծագործական Հայաստան-2016» մեդիանախագիծ
ՎԱՐԴուհի Սիմոնյան
Սյուզան Թոսունյան
Հայկուհի Ասատրյան
Հեղինե Ասրյան
Անահիտ Խաչատրյան
Արթուր Խաչատրյան










