Վերջին գրառումները 2016-ի պատին. քաղաքականությունը զրույց է՝ խոսիր քո մասին և կնկարագրես տիեզերքը
Ներկայացնում ենք «Ստեղծագործական Հայաստան» նախագծի վերջին թողարկումը. մեր հարցաթերթիկում ներառված 9 հարցին պատասխանեց 15 ընտրախավի շուրջ 300 ներկայացուցիչ՝ գրողներ, քաղաքական, թատերական և կինոգործիչներ, լրագրողներ, մեդիագործիչներ, ժամանակակից արվեստի հայտնի դեմքեր, գրականագետներ և փորձագետներ, տեղեկատվական և կրթական տեխնոլոգներ, երաժիշտներ և օպերային աստղեր։
Ստացված տեղեկատվական հոսքերն ավելի քան խոսուն են, և դրանց քանակական ու որակական արդյունքները կհրապարակենք հաջորդիվ՝ ամեն մի հարցի համար առանձնացնելով ավելի շատ ձայներ ստացած եռյակները: Սա սոցիոլոգիա չէ, այլ հաղորդակցության փորձ, երկխոսություն հանրային մի շերտի հետ, որը կոչված է մշակութայնացնել մեր կյանքի բոլոր մարզերը: Արդիական է այն հասարակությունը, ուր գերիշխող են մտավոր ընտրախավի գաղափարները, ճաշակն ու զգացմունքները, և որքան էլ քաղաքականությունն այլասերվի, մեկ է՝ այն սահմանված է որպես զրույց մարդկանց միջև: Իսկ ամենամարդկայինն այն զրույցն է, ուր մարդը պատմում է հենց իր մասին. միայն այդպես կարող ես պատկերել ցավը և նկարագրել ամբողջ տիեզերքը՝ ահա ինչ է պետք հիշել ընտրական մեծ մարաթոնից առաջ:
Իսկ մեր վերջին հարցախույզի գործող անձինք նախարարներ են, առողջապահության և փաստաբանական ոլորտը ներկայացնող հեղինակավոր մասնագետներ:
1․Ո՞րն էր 2016թ-ի ամենանշանակալի հասարակական-քաղաքական իրադարձությունը:
Լևոն Ալթունյան/ՀՀ առողջապահության նախարար/- Նոր կառավարության ձևավորումը, երկրի նախագահի առաջարկը Կարեն Կարապետյանին և վերջինիս վերադարձը Մոսկվայից։ Այս փոփոխությամբ մեր երկրի առաջընթացի հետ կապված ես մեծ հույսեր եմ կապում։

Արմինե Թորոսյան/սրտաբան, «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն/- Հռոմի պապի այցը Հայաստան։
Նորայր Նորիկյան/ փաստաբան/-2016թ. տեղի են ունեցել մեկից ավելի նշանակալի իրադարձություններ, որոնք իրենց հնչեղությամբ ու կարևորությամբ չեն զիջում մեկը մյուսին:
Առաջինը. Այս տարի լրացավ մեր պետության անկախության հռչակման 25-րդ տարեդարձը:
Որպես ՀՀ քաղաքացի, իսկապես կցանկանայի, որ մեր հասարակությունը լիաթոք կերպով տոներ իր պետության անկախության տոնը:
Ցավոք, առկա լրջագույն խնդիրները թույլ չեն տալիս ստեղծել այնպիսի տրամադրություն, որը հնարավորություն կտար մեր ժողովրդին արժանիորեն նշելու գոնե ինձ համար մեր հայրենիքի թիվ մեկ տոնը: Այնպիսի զգացողություն է, որ անկախության տոնը նշվում է բացառապես քաղաքական էլիտայի կողմից՝ իրենց ճաշակին համապատասխան:
Երկրորդը ապրիլյան պատերազմն էր, որը միտված էր փոխելու տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական հավասարակշռվածությունը՝ հօգուտ Ադրբեջանի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով հանդերձ:
Բարեբախտաբար մեր ժողովրդի հավաքական կամքի միասնական արտահայտման, վտանգի պահին համախմբման այդ կարևորագույն ժեստով, ըստ էության, թեև վիժեցվեց Ադրբեջանի կողմից ձեռնարկված ավանտյուրան, այդուհանդերձ, այն լուրջ ազդանշան էր՝ կարգի բերելու մեր պետության անվտանգության համակարգը: Հույս ունեմ, որ բոլորը սթափվել են և արել լրջագույն հետևություններ:
Երրորդը ՀՀ ոստիկանության գնդի գրավումն էր և դրան հաջորդող իրադարձությունները:
Նկատի ունենալով, որ այս պահին ընթանում է նախաքննություն, գործի հանգամանքների վերաբերյալ ձեռնպահ կմնամ որևէ դիրքորոշում հայտնելուց, ընդամենն արձանագրենք, որ կատարված քայլը բավականին մտահոգիչ ազդանշան էր, որ մեր երկրում հասարակական հարաբերությունների կարգավորման գործընթացում ֆորմալ ինստիտուտները կաղում են և շատ դեպքերում կրում իմիտացիոն բնույթ:
Եվ, վերջապես, չորրորդ նշանակալի իրադարձությունը, իմ կարծիքով, նոր կառավարության ձևավորումն է:
Թե ինչ արդյունքներ կարձանագրի այս կառավարությունը, ցույց կտա ժամանակը, սակայն մի բան ակնհայտ է. այս կառավարության ամենամեծագույն խնդիրը նա է, որ հասարակության մի ստվար զանգված իսկապես որոշակի հույսեր ու ակնկալիքներ ունի նրանից:
Իսկական հիասթափություն կլինի, եթե այդ հույսերն ու ակնկալիքները չարդարանան, հետևաբար՝ այս կառավարության բեռը կրկնակի մեծ է, և նա պարտավոր է անել առավելագույնը՝ այդ ակնկալիքներն ու հույսերն արդարացնելու համար:

Հայկ Ալումյան/փաստաբան/-«Սասնա ծռերի» հետ կապված իրադարձությունները: Եվ նույնիսկ, ոչ թե բուն ինքը՝ ՊՊԾ գնդի գրավումը և զինված հակամարտությունը, այլ՝ հասարակության վերաբերմունքը «Սասնա ծռերի» արարքին:
Հրանուշ Հակոբյան/ՀՀ Սփյուռքի նախարար/- Կարծում եմ 2016 թվականի ամենանշանակալի հասարակական-քաղաքական իրադարձությունը ԱՄՆ նախագահական ընտրություններն էին, որի ելքին շատ քչերն էին այդպես սպասում:
Հանրապետական կուսակցության թեկնածու, Նյու Յորքից միլիարդատեր Դոնալդ Թրամփը հաղթեց ամբողջ աշխարհի համար հավանական թվացող թեկնածու Հիլարի Քլինթոնին և դարձավ ԱՄՆ 45-րդ նախագահ։ Ինչպիսի փոփոխություններ են տեղի ունենալու աշխարհաքաղաքական զարգացումներում, ինչպիսի լուծումներ կտրվեն սիրիական պատերազմին, ինչպիսին կլինի հայ համայնքի բարձրացրած հարցերի պատասխանները, կտեսնենք ապագայում:
2․2016թ.-ի մշակութային ամենամեծ իրադարձությունը։
Արմինե Թորոսյան -«Ավրորա» մրցանակաբաշխությունը։
Նորայր Նորիկյան- Եթե համարենք, որ հումանիզմը, որպես համամարդկային արժեք, դրված է մեր ազգային մշակույթի հիմքում, որն արտահայտվում է տարաբնույթ որակներով՝ որպես մեր ազգային էթիկական նորմ, հոգևոր արժեք, անհատի կամքի ազատություն, փոխօգնություն և համագործակցություն, ինչու չէ նաև մարդու իրավունքների և արժանապատվության հանդեպ հարգանք, ես կհամարեմ, որ 2016թ. մշակության ամենամեծ իրադարձությունը դա «Ավրորա» մրցանակաբաշխությունն էր, յուրովի երախտագիտության ժեստ բոլոր նրանց, ովքեր անհրաժեշտ պահին փրկության ձեռք են մեկնել հայ ժողովրդին:
Հայկ Ալումյան- Մշակույթի նախարարի պաշտոնանկությունը, քանի որ նրա պաշտոնավարման օրոք երգիչ Արմենչիկը դարձել է ժողովրդական արտիստ, արդեն իսկ դրական իմաստով խոշոր մշակութային իրադարձություն պետք է համարել:

Հրանուշ Հակոբյան- Շատ մրցույթներ, փառատոններ են եղել, սակայն ինձ համար 2016 թվականի մշակութային ամենամեծ իրադարձությունը Սփյուռքի նախարարության «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի անցկացումն էր, որ դարձավ աննախադեպ մշակութային տոն, մշակութային հրավառություն ոչ միայն Երևանում, այլև Հանրապետության բոլոր մարզերում և Արցախում: Փառատոնը հայրենիք բերեց շուրջ 2200 սփյուռքահայ արվեստագետների, արվեստասեր կատարողների: Փառատոնը բաղկացած էր պարարվեստի, երգարվեստի, դուդուկի, ասմունքի օրերից, անհատ կատարողների համերգներից:
Փառատոնին մասնակցեց 49 պարախումբ 12 երկրից, Շուշիում ասմունքի համահայկական փառատոնին մասնակցեցին 113 աշակերտ՝ 6 երկրից:Բացառիկ էին «Երգչախմբային արվեստի օրերը», որին մասնակցեցին 10 երգչախումբ և 9 անհատ կատարող աշխարհի 10 երկրից: Տեղի ունեցավ նաև Դուդուկի և հայկական այլ նվագարանների փառատոն, որին մասնակցեցին 23 անհատ կատարողներ և 2 նվագախումբ աշխարհի 7 երկրից: Բացառիկ մշակութային միջոցառում էր Կոմիտասին նվիրված «Հայ երգի օրը» (20 անհատ կատարող 14 երկրից):
Փառատոնը եզրափակվեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «100+1» համերգային ծրագրով:
Ուրախալի է, որ համերգներին հակական խմբերի կազմում մասնակցում են նաև այլազգի մասնակիցներ՝ ճապոնացիներ, գերմանացիներ, շվեդներ և այլն:

3․2016թ.-ին կարդացած ամենախոսուն գիրքը։
Լևոն Ալթունյան- Վերջերս մի գիրք կարդացի` Էրիկ-Էմանուել Շմիդտի «Ավետարան ըստ Պիղատոսի»։ Դրանից հետո էլի երկու գիրք եմ կարդացել, բայց այս մեկից ստացված տպավորությունը շատ մեծ էր։ Բոլորովին նոր հայացք է աստվածաշնչյան պատմությանը։ Առաջին անգամ ծանոթացա Քրիստոսի կյանքին՝ ծնունդից մինչև 30 տարեկանը, որ գոնե ինձ համար անհայտ էր և նրա երկրային կյանքի վերջին մեկ ամսվա պատմությանը։ Ընդ որում, այդ ամենը ներկայացված էր Քրիստոսի ուղիղ խոսքով։
Գրքի երկրորդ և երրորդ մասերում զետեղված են Պիղատոսի` իր եղբորն ուղղված նամակները։ Նա պատմում է, թե ինչպես է իր մարդկանց ուղարկել հրեական եկեղեցականների, քաղաքական գործիչների, բնակիչների և Քրիստոսի աշակերտների շրջանում Քրիստոսին գտնելու։
Պիղատոսի մեկնաբանությամբ Քրիստոսն ինքն էր գնում դեպի խաչելություն և ամեն ինչ անում էր դրա համար։ Դրան էր տանում նաև իր պահվածքով, երբ իրեն դատում էին հրեական արմատական եկեղեցականները։ Իսկ երբ կասկածում է, որ Պիղատոսը հնարավոր է իրեն բերման չենթարկի` Քրիստոսն ինքն է հորդորում իր ամենամերձավոր աշակերտ Հուդային, մատնել` զինվորներին տանելով Գեթսեմանի այգի։ Սա Հուդայի դավաճանության բոլորովին նոր մեկնաբանություն է։
Ամբողջ գիրքն Աստվածաշնչյան ծանոթ և անծանոթ դեպքերի չափազանց հետաքրքիր, նոր մեկնաբանություններ են։
Արմինե Թորոսյան- Ժան-Պոլ Սարտր «Սրտխառնոց»։
Նորայր Նորիկյան- Այս տարի իմ սեղանին, բացի մասնագիտական գրքերից, մշտապես գտնվել է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությունը», ինչպես նաև վերընթերցել եմ Ֆ. Դոստոևսկու «ԱՊՈՒՇԸ»:
Հայկ Ալումյան- Շատ պրիմիտիվ չթվամ, բայց դա «Կնքահայր»-ն է: Ընդ որում, ես դա մի քանի անգամ նախկինում կարդացել էի, սակայն մեծ ուշադրություն չէի դարձրել ամենավերջին գլխին: Այդ գլուխն ուշադրությամբ կարդացի և դա ինձ համար շատ տպավորիչ դարձավ: Հիմա կարծում եմ, որ այդ գիրքն իրականում գրված է եղել հենց այդ՝ ամենավերջին գլխի համար:
Հրանուշ Հակոբյան- 2016 թվականին իմ կարդացած ամենատպավորիչ գիրքը սփյուռքահայ գրող Քրիս Բոհջալյանի «Ավազե ամրոցի աղջիկները» վեպն էր, որում զուգորդվում են Հայոց ցեղասպանության գեհենական ուղու և ժամանակակից կյանքի դրվագների վերաբերյալ հիշողությունները: Ուզում եմ անդրադառնալ նաև Ֆրանսահայ գրող, հրապարակախոս Հակոբ Պալյանի «Ամերիկա, Ամերիկա» վիպակին, որը հոգեբանական էտյուդ է և չափազանց խոսուն: Մշակույթների խառնարանում՝ Ամերիկայում ապրող հայ կնոջ դրաման է ներկայացված վիպակում, հերոսուհու հոգու ներքին կռիվն ու ազգային ինքնության կորստի ուծացման դեմ խուլ, գենետիկ դիմադրությունը:
4․2016թ.-ին դիտած ամենատպավորիչ ֆիլմը
Լևոն Ալթունյան- Ռեժիսոր Ալեքսանդրո Գոնսալեսի «Ողջ մնացածը» ֆիլմը, որում գլխավոր դերը կատարելու համար Լեոնարդո Դի Կապրիոն վերջապես «Օսկար» մրցանակի արժանացավ։ Կդժվարանամ ասել, թե հատկապես ինչո՞ւ, բայց ավելի տպավորված եմ, քան վերջին շրջանում դիտած մի քանի այլ հանրահայտ կինոնկարներից։
Արմինե Թորոսյան- «Կյանք ու Կռիվ», ռեժիսոր Մհեր Մկրտչյան։
Նորայր Նորիկյան- Ես գերադասում եմ դիտել փաստավավերագրական ֆիլմեր, և այդ առումով տպավորվել է ‘’Русская «Акула»- Гигант океанов. 2016’’ փաստավավերագրական ֆիլմը։
Հայկ Ալումյան- «Мастер и Маргарита». Ընդհանրապես, դժվար է գեղարվեստական գրքից ստեղծել ֆիլմ, որը չզիջեր իր գրական սկզբնաղբյուրին: Առավել ևս, ելնելով սյուժեի հայտնի առանձնահատկություններից, անհնարին էր պատկերացնել, որ դա հնարավոր կլինի անել Բուլգակովի «Мастер и Маргарита»-ի հետ: Ֆիլմը վերջին տարիներին չի ստեղծվել, բայց ինձ բախտ է վիճակվել այն դիտել 2016 թվականին: Ով չի դիտել՝ խորհուրդ կտայի անպայման դիտել:
Հրանուշ Հակոբյան-2016 թվականին մի քանի ֆիլմ են ինձ վրա մեծ տպավորություն թողել: Դիտելով Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմը՝ ես խորը կսկիծով վերապրեցի 1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած երկրաշարժը:
Ողբերգություն և վերածնունդ կողք-կողքի, միաժամանակ. այսպիսին է եղել մեր ժողովրդի պատմությունը: Բնության ամենակուլ տարերքին մի քանի վայրկյանում զոհ գնացին հազարավոր անմեղ, երեխաներ, ապագայի լուսավոր երազներով լի երիտասարդներ, մեր հազարավոր հայրենակիցներ գերի դարձան հայրենի հողին ու քարին, այն քարին, որը դարեր շարունակ եղել է մեր ժողովրդի ստեղծարար հանճարի վկան ու խորհրդանիշը:
Մի քանի վայրկյանում հայոց բարեբեր հողը, երկիրը վերածվեց փլատակների: Հանգեց ավանդապաշտ գյումրեցու ու ազնիվ սպիտակցու, Շիրակ աշխարհի, Լոռու օջախների ծուխը: Շեն ու ծաղկուն Հայաստան աշխարհը հանկարծակի նորից դարձավ ողբի ու որբի հայրենիք: Թվում էր՝ անհնար է բառերով վերարտադրել այն դժոխային պատկերը, այն տանջալի զգացմունքները, որ ապրում էր մեզնից յուրաքանչյուրը, սակայն դա հաջողվել էր ֆիլմի ստեղծագործական խմբին: Արտասուքով, զրկանքներով, ցավով լի անվախճան թվացող օրեր, աղոթքներով ու խնկարկումներով լի օրեր, նաև մաքառումով տքնանքով, ինքնամոռաց նվիրումով ու գթասրտությամբ լի օրեր, որ ֆիլմն արթնացրեց իմ հիշողության մեջ:
Այդ ժամանակ ես ղեկավարում էի հանրապետական միակ երիտասարդական կազմակերպությունը`կոմերիտմիությունը, որը աչքի ընկավ իր համախմբվածությամբ, արագ կողմնորոշվելու ունակությամբ, րոպե առաջ օգնության հասնելու մղումով: Երիտասարդությունը անձնվիրության, արիության, հնարամտության պատմություն կերտեց, որ դեռ հավուր պատշաճի արժևորված ու լուսաբանված, գնահատված չէ: Երկրաշարժն ասես ցնցեց նաև լճացման տարիներին պասիվացած երիտասարդության հասարակական-քաղաքական ակտիվությունը, որը նրան երկրաշարժի օրերին մղեց աներևակայելի սխրանքների:
Հայ ժողովուրդն անպատմելի ողբերգություն ապրեց, կանգնեց դաժան փորձության առաջ, սակայն հպարտությամբ պիտի արձանագրենք, որ ժողովուրդը լիարժեքորեն դրսևորեց, դարերի ընթացքում կուտակած իր լավագույն հատկանիշները, իր հոգու ուժն ու կորովը, հնարամտությունը:
Ապրողները, լցվեցին կամքով ու արիությամբ: Բոլորն էին ուզում փրկել, վերականգնել ավերված հայոց օջախները:
Նման զգացողություն ունեցա նաև Ապրիլյան պատերազմի օրերին։
5․2016-ի հրապարակային ամենահնչեղ ելույթը։
Լևոն Ալթունյան- Տպավորիչ էր նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում։
Նախագահը նշեց, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ կիրառվող ավտոմատներն ու հրետանային սարքավորումները կրակում են նաև Աստանայի, Դուշանբեի և Բիշքեկի, Մոսկվայի և Մինսկի ուղղությամբ։ Եվ դա մարտահրավեր է ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների համար։ Նա հիշեցրեց, որ ի տարբերություն ՆԱՏՕ-ի համագործակցության, որտեղ հստակ գործում է «մեկը բոլորի և բոլորը՝ մեկի համար» սկզբունքը, մեր դաշինքում չի կիրառվում համապատասխան հոդվածը, չեն քննարկում ստեղծված իրավիճակը, չեն հետաքրքրվում, թե ինչ է կատարվում դաշնակից Հայաստանում։ Ավելին` միջազգային կազմակերպություններում քվեարկում են միմյանց շահերի դեմ, երրորդ երկրների հետ ընդունում հայտարարություններ, որոնց տեքստն ուղղված է ՀԱՊԿ դաշնակիցների դեմ։ «Մենք պարզապես այդ կրակոցների տակ ենք դնում մեր ամբողջ կազմակերպությունն ու նրա հեղինակությունը»,-ասաց Սերժ Սարգսյանը։
Անցած տարեվերջին Չինարի գյուղի մոտակայքում թշնամու կողմից իրականացված դիվերսիոն ներթափանցման փորձի կապակցությամբ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հայտարարությունը հույս է ներշնչում, որ մեր դաշնակիցները դասեր կքաղեն դիպուկ ասված այդ խոսքերից։
Արմինե Թորոսյան- Չի տպավորվել որևէ ելույթ:
Նորայր Նորիկյան-Կարծում եմ, որ ամենահնչեղ հրապարակային ելույթները եղել են Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի ս.թ. հունիս ամսին մեր երկրում ունեցած ելույթները:
Հայկ Ալումյան- Հռոմի Պապի ելույթը Երևանում:
Հրանուշ Հակոբյան- Ամենաբովանդակային հրապարակային ելույթն ինձ համար ՀՀ Նախագահի՝ ՀՀԿ համագումարում ունեցած ելույթն էր, որը ներկայի խորքային վերլուծություն էր և ապագային միտված տեսլական: Այնտեղ արժևորվեց նաև ՀՀ Սփյուռքի նախարարության գործունեության շրջանում իրականացված լավագույն աշխատանքները և նախանշվեց հետագա անելիքները Հայաստան-Սփյուռք գործակցության ոլորտում:
Երկրի նախագահը նշեց, որ տնտեսական, իրավական, սոցիալական, գիտակրթական, մշակութային, տեղեկատվական և այլ բնագավառներում աշխատանքները կազմակերպելու համար արդեն ստեղծված են գրեթե բոլոր նախապայմանները:
Ասաց, որ այս տարիների ընթացքում շատ աշխատանք է կատարվել այդ ուղղությամբ։ Եվ առաջարկվեց, որպեսզի նոր հարթակ ձևավորվի, Հայաստան-սփյուռք համատեղ աշխատանք՝ տնտեսական առումով։ Միասնականության և պատասխանատվության համատեղման դեպքում արդյունքները սպասեցնել չեն տա։
Նա նշեց, որ մեր ուշադրության կենտրոնում են մնալու նաև աշխարհասփյուռ հայության ինքնակազմակերպման, ազգային ինքնության պահպանության և երիտասարդության ներգրավման ուղղություններով տարվող աշխատանքները: Եվ որ չենք կարող մեզ թույլ տալ բավարարվել ձեռքբերումներով: Պետք է սահմանվեն նոր նշաձողեր: Նախագահը շեշտեց, որ պատմական նոր առիթ է տրվել հանդես գալու բազմապատիկ ուժով՝ օգտագործելով Հայաստանի, Արցախի և սփյուռքի հնարավորությունները
6․2016-ի ամենապոզիտիվն ու ամենանեգատիվը:
Լևոն Ալթունյան- Թե՛ ամենապոզիտիվը, թե՛ ամենանեգատիվը` 2016թ. ապրիլյան պատերազմն եմ համարում։ Պոզիտիվը, որովհետև այդ պատերազմը, կարծես, փոխեց ժողովրդի վերաբերմունքը նոր սերնդի հանդեպ։ Ինքս միշտ եմ այդպես վերաբերվել երիտասարդներին, բայց բոլորը հասկացան, թե նրանք որքան հայրենասեր են, ամուր և որքան մեծ դերակատարություն ունեն մեր երկրի կայացման ու ապագայի կերտման գործում։
Նաև նեգատիվն է, որովհետև հերթական անգամ հասկացանք, որ գործ ունենք ոչ այնքան homo sapiens-ների հետ։
Արմինե Թորոսյան- Ամենապոզիտիվը՝ Հրայր Հովակիմյանի մեկամսյա այցը «Նորք- Մարաշ» ԲԿ, ամենանեգատիվը՝ ապրիլյան պատերազմը:

Նորայր Նորիկյան- Ամենապոզիտիվը 20 ամյա ընդմիջումից հետո Ռիոյի 2016 թվականի Օլիմպիական խաղերում Արթուր Ալեքսանյանի ցույց տված փառահեղ ելույթներն էին, ինչպես նաև մյուս հրաշալի մարզիկներ Միհրան Հարությունյանի, Գոռ Մինասյանի և Սիմոն Մարտիրոսյանի արձանագրած փայլուն արդյունքները:
Իսկ ամենանեգատիվը, վստահաբար, ապրիլյան պատերազմի օրերին արձանագրված մեր զոհերն են եղել…
Հայկ Ալումյան- Տարվա ամենանեգատիվը ապրիլյան պատերազմի ընթացքում մեր զոհերն են եղել և կորցրած տարածքները: Տարվա ամենապոզիտիվը՝ ապրիլյան պատերազմի ընթացքում մեր երիտասարդների կողմից դրսևորած աննախադեպ քաջությունն էր և անսպասելիորեն բոլորի մոտ արթնացած պայքարելու վճռականությունը:
Հրանուշ Հակոբյան- Ապրիլյան պատերազմն է դա, որը երկակի ու ծայրահեղ զգացմունքներով համակեց ոչ միայն ինձ, այլև ողջ հայ ժողովրդին: Բացասականը, ողբերգականն ու ցավալին մեր հերոս տղաների մահն էր, հարյուրավոր վիրավորները, անարգված ու խոշտանգված ծերերը, զոհված երեխան:
Ես ևս մեկ անգամ գլուխ եմ խոնարհում մեր հերոսների թարմ շիրիմների առջև և համբերություն մաղթում նրանց ծնողներին՝ ազգին ու հայրենիքին նման հրաշալի զավակներ պարգևած մարդկանց: Մեր ժողովուրդը դրսևորեց անկոտրում ոգի, միասնություն, հայրենիքին պաշտպան կանգնելու կամք ու վճռականություն: Հայրենիքի հանդեպ յուրաքանչյուր հայի պարտքի ու պատասխանատվության անքննելի ու անբեկանելի գիտակցությունը արթնացավ բոլորի մեջ, որի վառ վկայությունը Սփյուռքի բոլոր համայնքներում իրականացված բարեգործական ձեռնարկներն էին, Արցախին ու Հայաստանին սատար կանգնելու որոշակի քայլերը: Սկսվեց համազգային շարժում «Մենք Արցախն ենք», «Ձեռքերդ հեռու Արցախից»:
Լրագրողների համահայկական 8-րդ համաժողովի մասնակիցները երբ Արցախում, հանդիպեցին Նախագահին, պաշտպանության նախարարին, եղան առաջնագծում ու զրուցեցին սահմանապահ զինվորների հետ, անմիջապես ծնվեց ամենօրյա ազգային տուրքի շարժում «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար», որը մեծ արձագանք գտավ ողջ սփյուռքում և գնալով նոր թափ և ընդգրկում է ստանում:
7․2016թ.-ի մասմեդիայի ամենաազդեցիկ հրապարակումը։
Արմինե Թորոսյան- Տիգրան Պասկևիչյան. «Հայաստանն անկախ ու ազատ երկիր է. Եթե հարմար չէ, մենք ենք հարմարվող»։
Նորայր Նորիկյան- Ամենաազդեցիկ հրապարակումների թվում «Հետք» ինտերնետային պարբերականում հրապարակված հետաքննական հոդվածներն են, մասնավորապես՝ օֆշորային սկանդալի վերաբերյալ նյութերը, ինչպես նաև մի շարք ազդեցիկ անձանց բիզնես գործունեության վերաբերյալ հրապարակումները:
Հրանուշ Հակոբյան- Չեմ կարող չանդրադառնալ մեզ համար շատ կարևոր և ամենազդեցիկ մի հրապարակման՝ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպան Սամանթա Փաուերի հրապարակային հայտարարությանը Հայոց ցեղասպանության մասին, որը մեծ արձագանք գտավ ԱՄՆ ամենաառաջատար լրատվամիջոցներում, եղան դրան առնչվող հրապարակումներ, բարձրաստիճան պաշտոնյաների, սենատորների մեկնաբանություններ ու տված գնահատականներ: Բարձր եմ գնահատում Հայոց ցեղասպանության հարցի շուրջ նրա սկզբունքային դիրքորոշումը, նրա հաստատուն ձայնը՝ մարդու իրավունքների պաշտպանության հարցում և մարդկության դեմ իրագործված հանցագործությունների դեմ պայքարում:
Նույնքան հետաքրքիր է «Թայմզ» ամսագրի կողմից հրատարակված Սամանթա Փաուերի հոդվածը՝ «Միացյալ Նահանգները և Թուրքիան. ազնվությունը լավագույն քաղաքականությունն է» վերնագրով, Փաուերը անդրադարձել է երիտթուրքերի իշխանության օրոք իրագործված Հայոց Ցեղասպանությանը և Թուրքիայի կառավարության կողմից առաջ քաշվող մի շարք արդարացումների ու Հայոց Ցեղասպանությունը ժխտելու տասնամյակներ տևող քաղաքականության մասին: Փաուերը հաստատակամորեն ներկայացրեց իր տեսակետը, ըստ որի՝ 21-րդ դարում Թուրքիայի հետ կայուն, արդյունավետ հարաբերությունները չեն կարող կառուցվել կեղծիքի վրա:
8․2016թ-ի ամենասուր հումորը:
Արմինե Թորոսյան- Մարդու իրավունքների «կիսապաշտպան»:
Նորայր Նորիկյան- Որ Հայաստանն առաջիկա տարիներին դառնալու է Սինգապուր…Իսկ եթե լուրջ՝ մեր կյանքն ինչ-որ տեղ նաև հումոր է…
Հայկ Ալումյան- Պատգամավոր Սեյրան Սարոյանի այն առաջարկը, որպեսզի զինվորից գողություն անողը պատժվի ոչ թե մարդկային, այլ՝ Աստծո դատաստանով:
Հրանուշ Հակոբյան- Սուր էր իմ սիրելի գործընկեր Տիգրան Լիլոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ դարձյալ Դոնալդ Թրամփի մասին. «Հետաքրքիր է, ե՞րբ է Դրամփյանը դարձել Թրամփ։ Ասում են՝ ծագումով ղարաբաղցի է։ Անունն էլ, Դոնալդ՝ մոր, հոր ու ստեփանակերցի պապի անուններից է կազմված (Դոնարա, Ալեքսան, Դավիթ)»: Այսինքն այն, որ պատմության, ճակատագրի բերումով ամենուր հայ ենք փնտրում:
9․Ամանորյա պաթետիկ կենացների փոխարեն՝ մասնագիտական 3 արժեքավոր խորհուրդ:
Լևոն Ալթունյան- Մեկ խորհուրդ կտամ` ժպտացեք նույնիսկ այն ժամանակ, երբ թվում է, թե դրա առիթը չկա։ Իսկ եթե գտնում եք, որ ժպտալու առիթ բացարձակապես չկա, ապա փոխեք ձեր վերաբերմունքը կյանքի նկատմամբ։
Արմինե Թորոսյան- Բացի մարմնական առողջությանը հետևելը` հետևեք նաև ձեր հոգևոր առողջությանը.
1)սնուցեք ձեր հոգին վիտամիններով՝ նկարչություն, երաժշտություն, ընթերցանություն...
2)մոտ եղեք բնությանը
3)մոտ եղեք սիրելի մարդկանց
Նորայր Նորիկյան-1. Դառնալ սահմանադրական հասարակություն: Մեր ժողովուրդը պետք հարգի սահմանադրությունն ու օրենքները և պետք է ամեն ինչ անի, որ դրանք գործեն անշեղորեն բոլորի համար:
2. Երբեք չընկրկել ժամանակավոր անհաջողություններից, մինչև վերջ պայքարել սեփական իրավունքների ու ազատությունների համար:
3. Անընդմեջ սովորել, ինքնակրթվել և հմտանալ սեփական մասնագիտության ոլորտում:
Հայկ Ալումյան- Եթե ձեր իրավունքը խախտել են, ապա՝ խորհուրդ առաջին. պայքարեք, խորհուրդ երկրորդ. պայքարեք մինչև վերջ, խորհուրդ երրորդ. երբեք մի հանձնվեք: Եվ դուք, անպայման, կհաղթեք:
Հրանուշ Հակոբյան- 1․ Գիտելիքը բարձրագույն արժեք է, ուժ, որը պետք է մշտապես զորացնել ու հարստացնել: Հայ մարդը՝ մասնավորապես երիտասարդը պետք է միշտ սովորի և դառնա մրցունակ:
2․Պիտի մաղթեմ, որ յուրաքանչյուր հայ ունենա պարտքի ու պատասխանատվության բարձր գիտակցություն, լինի օրինապահ քաղաքացի, կայացած անհատականություն և՛ հայրենիքում, և՛ Սփյուռքում, օրենքը պետք է հարգի, և բոլորը պետք է հավասար լինեն օրենքի առջև:
3․Չեմ կարող խաղաղություն չմաղթել մեր ժողովրդին ամենուրեք, մեր երկրին, աշխարհին և թող մեր հայության համար 2017-ի կարգախոսը լինի Ներսես Շնորհալու հետևյալ պատգամը՝ «Միասնություն՝ գլխավորում, ազատություն՝ երկրորդայինում, և սեր՝ ամեն ինչում»:
«Ստեղծագործական Հայաստան-2016» մեդիանախագիծ
ՎԱՐԴուհի Սիմոնյան
Հեղինե Ասրյան
Սյուզան Թոսունյան
Անահիտ Խաչատրյան
Արթուր Խաչատրյան










