Ներքին անձնագրերով փոխադարձ այցելությունները կնպաստեն զբոսաշրջության զարգացմանն ու ժողովուրդների մերձեցմանը. Կ. Կարապետյանի հարցազրույցը «МИР»-ին (տեսանյութ)

15:09 • 26.01.17

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Մոսկվա կատարած պաշտոնական այցի ժամանակ հարցազրույց է տվել «ՄԻՐ» միջպետական հեռուստառադիոընկերության փոխնախագահ Եկատերինա Աբրամովային, որի ընթացքում մի շարք թեմաներ են քննարկվել, այդ թվում` ներքին անձնագրերով երկու երկրների քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին հարցը:


Աբրամովայի հարցին, թե ինչպես փոխադարձ այցելությունների մասին որոշումը կօգնի Հայաստանի և Ռուսաստանի քաղաքացիներին, Կարեն Կարապետյանը պատասխանել է, որ ներքին անձնագրերով փոխադարձ այցելությունները կնպաստեն զբոսաշրջության զարգացմանը, ինչպես նաև` ժողովուրդների և երկրների մերձեցմանը: Վարչապետը նաև ասել է, որ ակնկալվում է Ռուսաստանի քաղաքացիների ներհոսք Հայաստան:

Եկատերինա Աբրամովան կարծիք է հայտնել, որ Հայաստանը բավական գրավիչ երկիր է ամբողջ աշխարհի զբոսաշրջիկների համար, և հարցրել, թե ինչ մարդիկ դեռևս չգիտեն Հայաստանի մասին և ինչ պետք է իմանան: ՀՀ վարչապետն ասել է, որ Հայաստանը թերագնահատված երկիր է զբոսաշրջության համար, և մարդիկ շատ քիչ բան գիտեն երկրի մասին: Նա թվարկել է Հայաստանի պատմության ու մշակույթի կարևոր փաստերը, այդ թվում` հայ ազգի և Երևանի տարիքը, մարդկանց հյուրընկալությունն ու երախտապարտ լինելը:

Կարեն Կարապետյանի խոսքով` նա կարող է հավերժ խոսել այդ թեմայով, ինչը սուբյեկտիվ կթվա, սակայն իրականում նա օբյեկտիվ է:

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին կայացած ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի և Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի բանակցությունների արդյունքում որոշվել է, որ Ռուսաստանի քաղաքացիները կկարողանան Հայաստան մեկնել ներքին անձնագրերով:


Հարցազրույցի տեսանյութը կարող եք դիտել այստեղ: