Հնդկաստանի քաղաքացուն խեղդամահ անելու և $1.7 մլն-ի հափշտակության համար 3 հայ երիտասարդներին սպառում է ցմահ ազատազրկում
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ առանձնապես խոշոր չափերի ադամանդներ հափշտակելու նպատակով Արաբական Միացյալ Էմիրություններում Հնդկաստանի քաղաքացու սպանության գործով ամբաստանյալների դատավարությունն ավարտվել է: Դատարանում ամբաստանյալներ Հովհաննես Մելքոնյանը, Սեմյոն Եդիգարյանն և Խոսրով Մելքոնյանը հանդես եկան վերջին խոսքով:
Ամբաստանյալները միևնույն պահանջն ունեին՝ արդար դատավճիռ: Դատարանը մտավ խորհրդակցական սենյակ, իսկ դատավճիռը կհրապարակվի 20 րոպե անց:
Նշենք, որ նախորդ նիստին մեղադրող դատախազ Արիս Բարսեղյանը մեղադրական ճառում հաստատված է գնահատել ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները։ Երեք ամբաստանյալների համար դատախազը միջնորդել է ավազակության համար երեք ամբաստանյալներին դատապարտել 15 տարի ազատազրկման՝ անձնական գույքի բռնագրավմամբ, իսկ ավազակությամբ զուգորդված սպանության համար՝ երեք ամբաստանյալներին էլ դատապարտել ցմահ ազատազրկման:
Որպես վերջնական պատիժ՝ դատախազը միջնորդել է Հովհաննես Մելքոնյանին, Սեմյոն Եդիգարյանին և Խոսրով Մելքոնյանին դատապարտել ցմահ ազատազրկման՝ անձնական գույքի բռնագրավմամբ:
Հիշեցնենք, որ նրանց երեքին էլ մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից շահադիտական դրդումներով ու ավազակությամբ զուգորդված սպանության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով, կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով կատարված ավազակության՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ կետերով, և կազմակերպված խմբի կողմից կատարված մաքսանենգության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 215 հոդվածի 4-րդ մասով:
Ըստ մեղադրանքի՝ 35-ամյա Հովհաննես Մելքոնյանը ստեղծել է կազմակերպված կայուն հանցավոր խումբ, որի կազմում ընդգրկել է իր հորեղբորորդի, 24-ամյա Խոսրով Մելքոնյանին և նրա ընկերոջը՝ 26-ամյա Սեմյոն Եդիգարյանին:
Ըստ մեղադրանքի՝ Հովհաննես Մելքոնյանը հաճախակի մեկնել է Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաք, զբաղվել է ադամանդների առուվաճառքով ու այդ հողի վրա գործնական հարաբերություններ է ունեցել ադամանդների վաճառքով զբաղվող «Color Source for Gold and Diamonds Company» ընկերության աշխատակից, Հնդկաստանի քաղաքացի Վաիիհավ Դհոնդիբա Սալոնկիի հետ:
2013 թվականի դեկտեմբերի 18-ին Հովհաննես Մելքոնյանը հերթական անգամ մեկնել է Դուբայ ու մտադրվել է ավազակային հարձակում գործել Հնդկաստանի քաղաքացի Սալոնկիի նկատմամբ, նրան սպանել, նրա մոտ եղած ադամանդները հափշտակել ու մաքսանենգությամբ տեղափոխել Հայաստան:
Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ Հովհաննես Մելքոնյանը կազմակերպված խմբում ներգրավված Խոսրովին ու Սեմյոնին պարզաբանել է հանցագործության կատարման մեխանիզմը, կատարել է դերաբաշխում:
Հանցագործության օրը, ժամը 20-ն անց 15-ին Հովհաննեսն ու Սեմյոնը, ըստ մեղադրանքի, նախապես մշակված ծրագրի համաձայն, պատվիրած ադամանդները ոչ թե գնելու, այլ հափշտակելու դիտավորությամբ հանդիպման վայրում հարձակվել են Սալոնկիի վրա, կյանքից զրկելու դիտավորությամբ նրա գլխին անցկացրել են երկու պոլիէթիլենային փաթեթներ, դրանց եզրերը կպչուն ժապավենով սեղմել են, փակել օդի հոսքը, մեխանիկական շնչահեղձության եղանակով դիտավորությամբ սպանել են Սալոնկիին և հափշտակել են հիշյալ ընկերության տնօրեն Կառնավարտին պատկանող առանձնապես խոշոր չափերի՝ 691 միլիոն 883 հազար դրամին համարժեք 1 միլիոն 700 հազար դոլար արժողությամբ, 6800 կարատ տարբեր գույների ադամանդներ:
Խոսրովն այդ ադամանդները մաքսանենգ ճանապարհով Հայաստան տեղափոխելու նպատակով լցրել է տարբեր տեսակի օճառահեղուկների շշերի մեջ, շշերը տեղավորել է Հովհաննեսի ճամպրուկի մեջ ու նախապես պայմանավորված վայրում հանդիպել է Հովհաննեսին ու Սեմյոնին:
Օճառահեղուկի 12 շշերի մեջ թաքցված խոշոր չափերի՝ 640 միլիոն 723 հազար 082 դրամ արժողության ադամանդները «Զվարթնոց» օդանավակայանում մաքսանենգությամբ տեղափոխել են Երևան, որտեղ ՀՀ ոստիկանները Հովհաննես Մելքոնյանի ուղեբեռի զննությամբ հայտնաբերել են թաքցված ադամանդները, իսկ մնացած՝ 1509.285 կարատ ադամանդները չեն հայտնաբերվել:










