Թուրքիայում ժողովրդի 58 տոկոսը դեմ կքվեարկի նախագահական համակարգին անցնելու առաջարկին. հարցում

13:17 • 26.01.17

Թուրքիայում «Գեզիջի» հետազոտական կենտրոնը հատուկ հարցում է անցկացրել գարնանը սպասվելիք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի առնչությամբ, որի արդյունքները կրկին հուսադրող չեն երկրի իշխանությունների համար:

Ըստ «Գեզիջիի»` հարցվածների 58 տոկոսը կտրականապես դեմ է Թուրքիայում կառավարման նախագահական համակարգի անցնելու առաջարկին, կողմ է արտահայտվել հարցվածների 42 տոկոսը, գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:

Կենտրոնի ներկայացուցիչը նաև մանրամասնել է, որ նախագահական համակարգին «ոչ» են ասում հիմնականում քեմալական ընդդիմությունը, ինչպես նաև ազգայնականների մոտ 70 տոկոսը, որոնք ի տարբերություն իրենց առաջնորդ Դևլեթ Բահչելիի, որը խորհրդարանում ակտիվորեն աջակցել է իշխող կուսակցությանը սահմանադրական փոփոխությունների նախագծի ընդունման հարցում, չեն պատրաստվում աջակցել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Պարբերականը նաև գրում է, որ փոփոխությանը դեմ են արտահայտվում հիմնականում նրանք, ովքեր մանրամասնորեն տեղյակ են սահմանադրական փոփոխությունների նախագծի կետերից: 

Հիշեցնենք, որ 2016թ.-ի վերջին SONAR սոցիոլոգիական ուսումնասիրությունների կենտրոնը հրապարակել էր Թուրքիայում կառավարման խորհրդարանական համակարգից նախագահականին անցնելու թեմայով անցկացված վերջին հարցումների տվյալները, որոնց համաձայն երկրի բնակչության շուրջ 56%-ը «ոչ» է ասել նախագահական համակարգին անցմանը: