Ջոն Հեֆերնի նշանակումը միայն դրական կարող է լինել Հայաստանի համար. Ռիչարդ Կիրակոսյան
Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հեֆերնի վերջին նշանակումը Թրամփի վարչակազմի հազվադեպ լավ քայլերից է․Tert.am-ի հետ զրույցում այսպես ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
«Նա նշանակվել է շատ կարևոր պաշտոնում՝ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար: Դա նշանակում է, որ մենք Թրամփի վարչակազմում ունենք մեկը, ով բարձր դիվանագիտական պաշտոն է զբաղեցնում և ոչ միայն Հայաստանը, այլ նաև Հարավային Կովկասը շատ լավ գիտի»,- ասաց Ռիչարդ Կիրակոսյանը:
Հիշեցնենք, որ 2011-2014 թվականներին Հայաստանում ԱՄՆ դեսպան աշխատած Ջոն Հեֆերնն ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար է դարձել: Նա 2015 թվականի օգոստոսից զբաղեցնում էր ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի գլխավոր տեղակալի պաշտոնը:
Ռիչարդ Կիրակոսյանի խոսքով՝ այս նշանակումը միայն դրական կարող է լինել Հայաստանի համար, Ջոն Հեֆերնը կարող է օգնել Հայաստանին՝ տնտեսական և քաղաքական բարեփոխումներ անցկացնելու հարցում՝ Վաշինգտոնին ավելի լավ պատկերացում տալով տարածաշրջանի մասին:
«Նրա խորը գիտելիքները Հայաստանի և տարածաշրջանի վերաբերյալ միայն դրական ու շահավետ են մեզ համար: Հատկապես, որ նա ներկայացվում է որպես Հայաստանում դեսպան. դա նշանակում է, որ նա մտահոգված է երկրի ապագայով»,- նկատեց Ռիչարդ Կիրակոսյանը:










