Սահմանամերձ համայնքների խնդիրները գույքագրելու կարիք չկա, ընդամենը պետք է աշխատատեղ ստեղծել. գյուղապետերը վարչապետի հորդորի մասին

20:40 • 27.01.17

 Ոչ միայն սահմանամերձ գյուղերի, այլ ընդհանրապես հանրապետության բոլոր գյուղերի ու քաղաքների թիվ 1 խնդիրն աշխատատեղ ստեղծելն է. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահանի գյուղապետ Գագիկ Բալյանը՝ անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ երեկվա Կառավարության նիստին հնչեցրած հանձնարարությանը, թե պետք է գույքագրել սահմանամերձ համայնքների խնդիրները, որպեսզի հստակ ծրագիր մշակվի:

«Իմ գյուղում էլ առաջնահերթ խնդիրն աշխատատեղն է, որ մարդիկ աշխատանք ունենան, ապրեն այստեղ»,- ասաց գյուղապետը և մի քանի այլ խնդիր էլ մատնանշեց. «Ահավոր վիճակում գտնվող մշակույթի տուն, որը վերանորոգման խնդիր ունի և երիտասարդությանը զբաղեցնելու խթան կլինի, խմելու ջրի խնդիր»:

Գյուղապետը նշեց, որ թեև գյուղից արտագաղթ չկա, բայց տղամարդիկ գնում են սեզոնային արտագնա աշխատանքի, հետ գալիս:

Դիտարկմանը, թե պաշտոնյաները մատնանշում են, թե գյուղացին չպետք է աշխատատեղի խնդիր բարձրացնի, երբ հող ունի, գյուղապետը հակադարձեց. «Հա հողը մշակեց, բա ստացած բերքը որտե՞ղ իրացնի»:

Նա սեփական գյուղի օրինակը բերեց, որտեղ հիմնականում անասնապահությամբ են զբաղվում, բայց չեն կարողանում իր կաթը նորմալ գնով վաճառել, հազիվ ծախսերն են կարողանում հոգալ:

Միաժամանակ, 8 տարվա գյուղապետը նշեց, որ Կառավարությունը գյուղին չի էլ անտեսել. «Գյուղին հողի հարկից ազատել են՝ որպես սահմանամերձ, եկամտային հարկից ազատված է։ Ով բիզես ծրագիր ունի՝ գազա, լույսա, դրանց կեսը մարդիկ ձրի են օգտագործում: Գումար է հատկացրել, մեր հանդիսությունների սրահն ենք վերանորոգել, տեխնիկայի ձեռքբերման գումար է տրամադրել, բայց կան խնդիրներ, որ առաջնային են, թեկուզ աշխատատեղ լինի, որ աշխատեն»,- ասաց գյուղապետը:  

ՀՀ Տավուշի մարզի Չորաթան համայնքի ղեկավար Վարուժան Բաղմանյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ Չորաթանում կոնկրետ խնդիրը լուծված է, քանի որ գյուղացիներն ապահովված են աշխատանքով: «Չորաթանում առաջնահերթությունը եղել է միշտ աշխատատեղը։ Այսօր Չորաթանը 100 տոկոսով ապահովված է աշխատատեղով»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ ձեռնոցի գործարանը լուծել է գյուղի խնդիրները:

«Մարդու համար այսօր ամենակարևորն աշխատատեղն է, եթե մարդը  աշխատում է, մնացածն ինքնըստինքյան կստեղծվի ու կստացվի, մնացածը մանր-մունր հարցեր են»,-ասաց նա: