Վահան Շիրխանյանը հրաժարվել է դուրս գալ ՔԿՀ-ի խցից. Նորք Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը չորրորդ անգամ հետաձգվեց (տեսանյութ)
Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատավարությունը՝ դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ:
Նշենք, որ նախորդ երեք դատական նիստերը հետաձգվել են Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի՝ նիստերից բացակայելու պատճառով: Վերջինիս պաշտպան Հայկ Ալումյանը հայտնում է, որ Վահան Շիրխանյանն առողջական խնդիրներ ունի և պատգարակ է պահանջում՝ դատական նիստերին պառկած մասնակցելու համար:
Այս դատական նիստին բացակայում էին երկու պաշտպաններ՝ Գարեգին Մարգարյանն ու Ստեփան Ոսկանյանը, և ամբաստանյալ Վահան Շիրխանյանը:
Դատավոր Արմեն Բեկթաշյանն ընթերցեց «Երևան» ՔԿՀ-ից ստացած տեղեկանքն այն մասին, որ Վահան Շիրխանյանը հրաժարվել է դուրս գալ ՔԿՀ-ի խցից , նա միշտ գտնվել է բժշկական վերահսկողության տակ, արվել են բժշկական միջամտություններ:
Մեղադրող դատախազն էլ ասաց, որ փաստաթղթերի ուսումնասիրությունից հայտնի է դառնում, որ Վահան Շիրխանյանն ապահովվել է բժշկական օգնությամբ ինչպես ՔԿՀ-ում, այնպես էլ մասնավոր հիվանդանոցներում. «Նրա վիճակը բավարար է դատարան ներկայանալու համար, բայց, նկատի ունենալով, որ արդեն չորրորդ դատական նիստն է, և Շիրխանյանը չարամտորեն խուսափում է նիստին ներկայանալուց, դատարանի նկատմամբ դրսևորում է անհարգալից վերաբեմունք, միջնորդում եմ կիրառել դատական սանկցիա և քննարկել այդ հարցը»,- նշեց դատախազը:
Շիրխանյանի պաշտպան Հայկ Ալումյանն էլ ասաց, որ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք է դրսևորում ՔԿՀ-ն, որը դատարանի պահանջը չի կատարում և պահանջված փաստաթղթերի փոխարեն մեկնաբանություններ է ներկայացնում՝ պատճառաբանելով, թե փաստաթղթերի ծավալից ելնելով պահանջված ժամանակահատվածում հնարավոր չէ ներկայացնել փաստաթղթերը: Բացի դրանից՝ սուտ տեղեկություններ է ուղարկում դատարան:
Պաշտպանն ընթերցեց նաև դատարանին ուղղված Վահան Շիրխանյանի գրությունը դատարանին, որտեղ ՀՀ ՊՆ նախկին փոխնախարարը գրել էր, որ միտումնավոր իրեն պատգարակ չեն տրամադրում նիստերին ներկայանալու համար, իսկ ինքը նիստերին կարող է մասնակցել պառկած կամ կիսապառկած վիճակում:
Դատական նիստը կրկին հետաձգվեց և հաջորդ դատական նիստը նշանակվեց փետրվարի 17-ին, ժամը 12:30-ին:
Հիշեցնենք, որ զինված խմբի գործի շրջանակներում, մեղադրանք է առաջադրվել 33 անձի, որոնցից 20-ը կալանավորված է, ևս 4-ը անջատված մասով դատապարտվել է, իսկ մնացածները՝ ազատ արձակվել: 33 հոգու մեղադրանքներ են առաջադրվել հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մաս), հանցավոր համագործակցությանը մասնակցելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մաս) և կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու և կրելու (Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մաս) համար:
Խմբի ղեկավարն Արթուր Վարդանյանն է, ով նախորդ դատական նիստին հայտարարել էր, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Գործով անցնում են նաև «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը և պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, ինչպես նաև Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գևորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը:










