Մենք այսօր տարածաշրջանի ամենամարտունակ բանակը ունենք, որը փառքով պսակվեց նաև ապրիլյան պատերազմին. Էդիկ Մինասյան
Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն այսօր՝ Հայոց բանակի տոնի նախօրեին հրավիրած ասուլիսին անդրադարձավ Հայոց ազգային բանակի կազմավորմանը և նշեց, որ այդ տարիներին հասկանալի էր, որ ազգային պետության անվտանգության և անկախության պահպանման միակ երաշխիքը կարող է լինել մարտունակ բանակը։
Ըստ նրա՝ Հայոց բանակի ակունքներում կանգնած էր Երևանի հատուկ գունդը, քաղաքների ինքնապաշտպանական վաշտերը։ Այնուհետև արդեն 1992-1993թթ. երկրապահ կամավորական ջոկատների և բանակ զորակոչված զինակոչիկների միավորմամբ ստեղծվեց շարժունակ և կարգապահ բանակ։
«1992թ-ի հունվարի 28-ին կառավարությունն ընդունեց «ՀՀ պաշտպանության նախարարության մասին» պատմական որոշումը, ազդարարեց ազգային բանակի ստեղծման սկիզբը: Նոր կազմավորված զորամասերի անձնակազմը 1992թ. մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում հանդիսավոր պայմաններում տվեց առաջին զինվորական երդումը»,-ասաց նա:
Պատմաբանը հիշեցրեց, որ դեռևս 1991 թ. դեկտեմբերի 5-ին ՀՀ պաշտպանության առաջին նախարար էր նշանակվել Վազգեն Սարգսյանը։
Էդիկ Մինասյանը նշեց, թե Հայոց բանակը ստեղծվեց խորհրդային ռազմապաշտպանական հենքի վրա:
«Եթե Ադրբեջանը բռնագրավեց խորհրդային զենք-զինամթերքը, զինտեխնիկան, մենք խաղաղ ճանապարհով կարողացանք այս ամենին տիրանալ և ռազմական տեխնիկան ու ռազմատեխնիկական համալիրները կիրառել հայրենիք պաշտպանության համար»,-ասաց նա:
Նա նշեց, որ Հայաստան վերադարձան հարյուրավոր հայազգի սպաներ, որոնք մինչև այդ ծառայում էին խորհրդային բանակի տարբեր զորամիավորումներում, որոնց թվում էին գեներալներ Դալիբալթայանը, Հարությունյանը, Տեր-Գրիգորյանցը, Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոս և շատ ուրիշներ։
Մինասյանը նշեց, որ Հայոց ազգային բանակի ստեղծման գործում մեծ եղան պաշտպանության նախարարներ Վազգեն Սարգսյանի, Վազգեն Մանուկյանի, Սերժ Սարգսյանի և այլոց դերերը:
«Չենք կարող պատկերացնել, թե ինչպիսին կլիներ Հայոց բանակը եթե չլիներ Վազգեն Սարգսյանը՝ պաշպանության առաջին նախարարը, ով մեծ դերակատարություն ունեցավ բանակի կայացման գործում, չմոռանանք նաև մյուս դերակատարումը»,-ասաց նա:
Էդիկ Մինասյանը նշեց, որ Հայոց բանակը մարտական փառահեղ ուղի անցավ և ոչ միայն հաղթանակով ավարտեց արցախյան պատերազմը, այլ համեմատական խաղաղ ստեղծագործ տարիներին պաշտպանության ոլորտն ուժեղացրեց:
«Մենք այսօր տարածաշրջանի ամենամարտունակ բանակը ունենք, որը փառքով պսակվեց նաև ապրիլյան պատերազմի ընթացքում»,-ասաց նա:










