Բրիտանացի լրագրողներին թույլ չեն տվել Սպիտակ տուն մտնել ծննդյան ամսաթվերն այլ ձևաչափով լրացնելու պատճառով
Բրիտանացի լրագրողները, որոնք Վաշինգտոն էին ժամանել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի և Դոնալդ Թրամփի համատեղ ասուլիսը լուսաբանելու համար, չեն կարողացել Սպիտակ տուն մտնել` ԱՄՆ-ում և Միացյալ Թագավորությունում ծննդյան ամսաթվերը գրանցելու տարբեր ձևաչափերի պատճառով:
Ինչպես նշում է BBC-ն, բրիտանական տարբերակում ամսաթվերը գրանցվում են «օր-ամիս-տարի» հերթականությամբ, իսկ Միացյալ Նահանգներում` «ամիս-օր-տարի» հերթականությամբ:
«Բրիտանացի լրագրողները մնացել են Սպիտակ տան սահմաններից դուրս, քանի որ մեր ծննդյան ամսաթվերը լրացված են բրիտանական ձևով, իսկ ամերիկյան անվտանգության ծառայությունները դա չեն հասկանում», - թվիթերյան իր էջում գրել է Buzzfeed պորտալի քաղաքական խմբագիր Ջիմ Ուոթերսոնը:










