ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչն արձագանքել է Ալեքսանդր Լապշինի գործով ՀՀ ՄԻՊ դիմումին
Մինսկում Ալեքսանդր Լապշինի ձերբակալման վերաբերյալ տվյալների հրապարակումից անմիջապես հետո ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից նախաձեռնված է ակտիվ աշխատանք մարդու իրավունքների ոլորտի միջազգային կազմակերպությունների և այլ գործընկերների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։
ԶԼՄ-ների ազատության հարցերով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունիա Միյատովիչը Մարդու իրավունքների պաշտպանին ուղղված պաշտոնական նամակով ներկայացրել է իր դիրքորոշումը Լապշինի գործով:
Դ. Միյատովիչը, մասնավորապես, տեղեկացրել է, որ հետևում է ռուսաստանցի բլոգեր և լրագրող Ալեքսանդր Լապշինի գործին Մինսկում նրա ձերբակալման օրից՝ 2016 թվականի դեկտեմբերի 15-ից սկսած:
Ըստ Դունիա Միյատովիչի՝ ինքն ամբողջությամբ տեղեկացված է, որ Ա. Լապշինին Ադրբեջանում սպասվում են ծանր պատիժներ, եթե նրան Բելառուսի իշխանություններն արտահանձնեն: Ուստի, բազմիցս դիմել է ԵԱՀԿ-ում Բելառուսի Հանրապետության մշտական ներկայացուցչություն, ինչպես նաև նամակ է ուղարկել Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ հայտնելով մտահոգություններ այն մասին, որ հանձնելու դեպքում Լապշինը կարժանանա անարդար վերաբերմունքի՝ որպես վրեժխնդրություն իր լրագրողական գործունեության և իր տեսակետները արտահայտելու համար, այդ թվում՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող մարդու իրավունքների կարևոր հիմնահարցերի հետ:
Դունիա Միյատովիչը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հավաստիացրել է, որ դիմել է Բելառուսի իշխանություններին՝ հատուկ ուշադրություն դարձնելու այդ գործին այն առումով, որպեսզի Լապշինի իրավաչափ լրագրողական գործունեություն իրականացնելը չսահամանափակվի: Դ. Միյատովիչը նաև վստահեցրել է, որ ուշադրությամբ հետևելու է այս գործի հետագա զարգացումներին:
Հայտնի բլոգերը, հիշեցնենք, Արցախ այցելելուց հետո հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում», ապա 2-րդ անգամ էր այցելել Բաքու՝ ուկրաինական անձնագրով: Լապշինը նաև իր բլոգում հրապարակումներ էր կատարել Ադրբեջանի մասին, ներկայացնելով խնդիրները, որոնց ինքը բախվել էր այցելության ժամանակ, քննադատել քաղաքականությունը:










