Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել և հետաձգվել է ավելի քան 20 չվերթ

10:34 • 27.01.17

Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել է 6 և հետաձգվել 15 չվերթ, հաղորդում է РИА Новости-ն` հղում անելով Яндекс.Расписание ծառայության տրամադրած տվյալներին:

Ավելի վաղ ՌԴ ԱԻՆ-ի մոսկովյան բաժնի ղեկավարը նախազգուշացրել է մոտ ժամանակներում մայրաքաղաքում սպասվող ուժեղ քամու, ձնաբքի և ձյան կուտակումների մասին: Վարչության կանխատեսումների համաձայն` եղանակային անբարենպաստ պայմանները կպահպանվեն մինչև հունվարի 27-ի տեղական ժամանակով ժամը 10:00-ն:

Яндекс.Табло ծառայությունը տեղական ժամանակով ժամը 8:45-ի դրությամբ հայտնել է, որ «Շերեմետևո» օդանավակայանում հետաձգվել է 11 և չեղարկվել 2 չվերթ, «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 4 և չեղարկվել 4 չվերթ: «Վնուկովո» և «Ժուկովսկի» օդանավակայաններում չեղարկված և հետաձգված չվերթների վերաբերյալ տեղեկություններ չեն հաղորդվում:

ՌԴ օդերևութաբանական ծառայության կայքում նշվում է, որ այժմ Մոսկվայում օդի ջերմաստիճանը -5 °C է, հնարավոր են ձյան տեսքով թույլ տեղումներ, քամու արագությունը 3 մետր/վայրկյան է: