Լապշինի հանձնումը կարող է շատ վատ նախադեպ լինել, Ադրբեջանը ԼՂՀ այցելած անձանց կդիտարկի որպես հանցագործ. փաստաբան (տեսանյութ)
Ալեքսանդր Լապշինի ձերբակալության առաջին օրերից Հայաստանում՝ ՀՀ փաստաբանների պալատում մասնագիտական խումբ է ստեղծվել։ Խմբի անդամ, փաստաբան Սիմոն Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ Լապշինի հանձնումը կարող է շատ վատ նախադեպ լինել։
«Խնդիրը ոչ միայն Արցախ այցելության մասին է, այլ այն, որ ամբողջ աշխարհում այս մեխանիզմը կարող է գործածվել։ Իրենց քաղաքական պահանջմունքները բավարարելու նպատակով պետություններն այս իրավական լծակը կարող են օգտագործել»,– ասաց Բաբայանը։
Ըստ նրա` եթե նման նախադեպ լինի, ապա այն օտարերկրացիները կամ այն անձը, որն այցելել է ԼՂՀ, Ադրբեջանի համար կդիտարկվի որպես հանցագործ։ Դրանից հետո Ադրբեջանը կկարողանա հարուցել համապատասխան քրեական գործը և տարբեր պետությունների կարող է պահանջ ներկայացվել, որպեսզի հանձնեն տվյալ քաղաքացուն։ Բաբայանի խոսքով` եթե այս նախադեպը կայանա, այդ պետությունները ստիպված կլինեն հանձնել քաղաքացիներին։
Սիմոն Բաբայանի տեղեկացմամբ` Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինը երկու անգամ այցելել է ԼՂՀ՝ 2011 և 2012 թթ.։ Նա իր կարծիքն է ներկայացրել ԼՂՀ-ի մասին, բնականաբար, Ադրբեջանը դա դիտարկել է որպես քննադատություն է իր հասցեին և վերջինիս արարքը որակել է հանցագործություն` երկու հանցակազմ վկայակոչելով։
Առաջինը վերաբերում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ կապված ապօրինի կոչերին»։ Երկրորդը` Ադրբեջանի «տարածքի ապօրինի սահմանահատման մասին է»։
«Այս երկու հանցակազմերն էլ խիստ խնդրահարույց են։ Հիմա մենք ունենք հետևյալ իրավիճակը` դատախազությունը հանձնման մասին որոշումը կայացրել է, այդ որոշումը բողոքարկվել է դատարանում, բայց վերջինս որոշումը թողել է ուժի մեջ։ Իհարկե, այստեղ կան ակնհայտ, ճչացող իրավական խնդիրներ, որոնք, կարծում եմ, դատարանի կողմից անտեսվել են։ Բնականաբար, այս դատական ակտը ևս պետք է բողոքարկվի` վերադասության կարգով։ Հույս ունենանք, որ այդ դատարանում ճչացող խնդիրները, որի դեպքում բացառվում է Լապշինի հանձնումը, իրենց գնահատականը կստանան»,-հայտնեց փաստաբանը։
Ինչ վերաբերում է ՀՀ փաստաբանների պալատի մասնագիտացված խմբի կողմից ձեռնարկած քայլերին, Սիմոն Բաբայանը նշեց. «Մենք այդպիսի քայլեր իրականացնելու հնարավորություն չունենք, որովհետև այս գործընթացը մեր տիրույթում չի գտնվում: Առավելագույնը կարող ենք խորհրդատվական բնույթի փաստաթղթեր, տեղեկատվություն տրամադրել Լապշինի հարազատներին և փաստաբաններին, որպեսզի ավելի արդյունավետ պաշտպանություն իրականացնեն»,– եզրափակեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։










