«Միայն մեր դիակի վրայով». հնդկացիների ցեղը մտադիր է կանխել ԱՄՆ-ի և Մեքսիկայի միջև սահմանային պատի կառուցումը
ԱՄՆ-ի Արիզոնա նահանգում բնակվող հնդկացիների ցեղը զայրացել է նախագահ Դոնալդ Թրամփի` Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու որոշումից, և մտադիր է կանխել այդ գործողությունը:
Հայտնի է, որ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանին պատ կառուցելու մտադրություն է հայտնել, ինչը տարբեր արձագանքներ է առաջացրել քաղաքական գործիչների և քաղաքացիների շրջանում:
Տոհոնո Օ'օդհամ ինքնանվանումով պապագո ցեղը, որը բնակվում է Մեքսիկայի հետ սահմանին գտնվող Արիզոնա նահանգի անապատներում, փաստացիորեն կառավարում է սահմանագծի 120 կիլոմետր տարածքը:
The Guardian պարբերականի հաղորդմամբ` ցեղի առաջնորդի տեղակալը հայտնել է, որ կառավարությունը սահմանին պատ կկառուցի «միայն իր դիակի վրայով», և պահանջել է հանդիպում կազմակերպել երկրի նախագահի հետ:
Նշվում է, որ ցեղի զայրույթի պատճառն այն է, որ որոշումը կայացվել է առանց նրանց ներկայացուցիչների հետ բանակցություններ վարելու և նրանց կարծիքը հաշվի առնելու:
Տոհոնո Օ'օդհամ ցեղը, որը մոտ 28 հազար անդամ ունի և կառավարում է հարավարևմտյան Արիզոնայի ավելի քան 8 հազար քառակուսի մետր տարածքը, միշտ պայքարել է պատմականորեն իրեն պատկանող հողերում ռազմականացված միջազգային սահմաններ անցկացնելու դեմ:










