Իրավական առումով ՀՀ-ում անձնական տվյալների պաշտպանության խնդիրը լուծված է. Շուշան Դոյդոյան
Հունվարի 28-ն անձնական տվյալների պաշտպանության միջազգային օրն է: Հայաստանում անձնական տվյալների պաշտպանության, իրավախախտումների և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյանի հետ:
-Տիկի՛ն Դոյդոյան, որքանով է ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների անվտանգությունը պաշպանված օրենքով սահմանված կարգով:
-2015 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը լիարժեք ապահովում է ամբողջ իրավական պաշտպանության համակարգը՝ և ՛սկզբունքները, և՛ կանոնները, թե ինչպես պետք է անձնական տվյալներ մշակողները, թե՛ մասնավոր, թե՛ պետական սեկտորում իրականացնեն մարդկանց անձնական տվյալների մշակումը: Այսինքն, իրավական առումով ամբողջ խնդիրը փակված է: Իհարկե, առկա են նաև վարչական պատասխանատվության նորմերը վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում, բայց այլ հարց է, թե որքանով են օրենքով սահմանված կառուցակարգերն իրականության մեջ կիրառվում: Այլ հարց է նաև այն, թե որքանով են դրանց հետևում անձնական տվյալներ մշակողները մի կողմից, քաղաքացիները՝ մյուս, որպեսզի իրենց անձնական տվյալները պատշաճ պաշտպանված լինեն:
-Պետական սեկտորում հատկապես ո՞ր կառույցների կողմից է խախտվում անձի անձնական տվյալների պաշտպանությունը:
-Իրականում այնքան բազմազան է, քանի որ խնդիրն առկա է բոլոր ոլորտներում, չեմ կարող մատնանշել մի ոլորտ, որտեղ ավելի շատ են առկա խնդիրները, քան մեկ այլ ոլորտում; Եթե փաստերով նայենք, ապա անցյալ տարի մեր հարուցած 11 վարչական վարույթներն առնչվում են բազմաթիվ ոլորտների, օրինակ` ոստիկանություն, քաղաքապետարան, դպրոցներ, ավիաուղիների, ֆոտոստուդիա, պետռեգիստր, և այլն։ Մենք չեն կարող մատնանշել, որ այս ոլորտի կառույցների կողմից ավելի բազմազան է, քան մյուսները։
Դրա համար սահմանել ենք առաջնահերթություններ՝ մեր գործունեության առաջին երկու տարիների համար, 2015-2017։ Դրանք այն երեք հիմնական հիմնախնդիրներ են, որոնց առավել շատ ուշադրություն ենք դարձնում մեր սկզբնավորման օրվանից։ Դա տեսահսկման իրականացումն է թե՛ պետական, թե՛ մասնավոր սեկտորի կողմից, որպեսզի տեսահսկումն իրականացվի օրենքով սահմանված կարգով, մյուսը անցանկալի հաղորդագրությունների խնդիրն է, որպեսզի օպերատորները չուղարկեն քաղաքացիներին առևտրային բնույթի հաղորդագրություններ՝ առանց վերջիններիս համաձայնության, և երրորդը անչափահասների անձնական տվյալների պատշաճ վերահսկողությունն Է: 20 դպրոցներում տեսանկարահանման համար հարուցված վարչական վարույթներ էին հարուցվել, հստակ հանձնարարություն տվեցինք դպրոցների ղեկավարության, թե ինչպես իրականացնեն տեսանկարահանումը:
-2015-ից օրենքով պահպանվում է բոլոր տվյալները, սակայն նշեցինք մի շարք գերատեսչություններ, որոնք խախտում են օրենքը։ Օրենք կա, անձի իրավունքն էլի խախտվում է, ի՞նչ անել։
-Երկու հիմնական մեխանիզմի միջոցով մենք կարողանում ենք միջամտել, մեկը՝ երբ քաղաքացին, ում անձնական տվյալների պաշպանության իրավունքը խախտվել է դիմում է մեզ, և մենք արդեն միջամտում ենք, մյուս տարբերակն իրականացվում է սեփական նախաձեռնությամբ:
Օրենքը նոր է, և մենք քայլ առ քայլ դաշտը մաքրելով առաջ կգնանք:










