Հովիկ Աբրահամյանն ու Մհեր Սեդրակյանը դիմում չեն ներկայացրել ՀՀԿ

18:02 • 28.01.17

ՀՀԿ ԳՄ նախկին անդամ, ՀՀԿ նախկին փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը, չնայած օրեր առաջ հայտարարեց ՀՀԿ-ն լքելու մասին, այդպես էլ մինչ այսօր դիմում չի ներկայացրել կուսակցություն։

Այս մասին Tert.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:

 

Հարցին՝ ՀՀԿ պատգամավոր Մհեր Սեդրակյանը դիմում գրե՞լ է, Թադևոսյանը ևս բացասական պատասխան տվեց. «Կուսակցությունից դեռ ոչ մեկը դուրս չի եկել, այդ թվում Աբրահամյանը դեռ չի բարեհաճել դիմումը ներկայացնել: Մհեր Սեդրակյանը ևս դիմում չի գրել ՀՀԿ-ից հեռանալու մասին, ոչ մեկն էլ չեն ներկայացրել, անկարգապահ կուսակցական են»:

 

Հարցին, թե այդ դեպքում նրանց ի՞նչ է սպասվում, Ռուբեն Թադևոսյանն ասաց. «Կանոնադրությամբ ինչ նախատեսում է, այն էլ կանենք»: Հստակեցմանը, թե հնարավո՞ր է հեռացնեք կուսակցությունից, ասաց. «Այդ հարցը մեր կանոնադրությունը հստակ կանոնակարգում է:

 

ՀՀԿ կանոնադրության 3.8 կետի համաձայն՝ կուսակցությանն անդամակցությունը դադարում է դիմումի համաձայն՝ կուսակցությունից դուրս գալու դեպքում, կուսակցությունից հեռացվելու դեպքում, կուսակցության լուծարման նախաձեռնությունը համագումարի կողմից մերժվելու դեպքում, այդ մասին որոշման ընդունման պահից, դադարեցվում է լուծարման նախաձեռնությամբ հանդես եկած կուսակցության անդամների անդամակցությունը և անհրաժեշտության դեպքում կատարվում են նոր ընտրություններ, կուսակցականի մահվան դեպքում, կուսակցության լուծարման դեպքում»: