ԱՄՆ դեմոկրատները դատապարտել են փախստականների ընդունման դադարեցման մասին Թրամփի որոշումը

11:29 • 28.01.17

ԱՄՆ Կոնգրեսի Սենատում դեմոկրատների առաջնորդ Չառլզ Շումերը դատապարտել է նախագահ Դոնալդ Թրամփի՝ փախստականների ընդունման դադարեցման մասին որոշումը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։


Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուրբաթ հրամանագիր է ստորագրել, որով դադարեցվում է փախստականների ընդունումն ԱՄՆ 120 օրով, անորոշ ժամկետով արգելվում է Սիրիայից փախստականների ընդունումը և խստացվում են ԱՄՆ մուտքի որոշ կանոններ։ 


«Դա երկրի պաշտպանությունն է օտարերկրյա ահաբեկիչների ժամանումից»,- հայտարարել է Թրամփը։


«Արցունքներ են այսօր հոսում Ազատության արձանի այտերի վրայով, որը խորհրդանշում է ներգաղթյալների դիմավորման ամերիկյան ավանդույթը»,- գրել է սենատոր Չառլզ Շումերը Twitter-ի իր էջում։


Նրա կարծիքով՝ սա «ԱՄՆ-ին ամենաշատը հետ գցող և զզվելի հրամանագրերից է, որ ստորագրել է նախագահը»։


Դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորենը նույնպես արձագանքել է այս որոշմանը։ Նա մահմեդական երկրներից ներգաղթյալների մուտքի սահմանափակման և փախստականների ընդունման դադարեցման մասին որոշումն «ամերիկյան արժեքներին դավաճանել» է համարել։


Նա կոչ է արել նախագահին անհապաղ չեղարկել այդ որոշումը։ Նույն կարծիքին է մեկ այլ դեմոկրատ Քրիս Մերֆին, որը հայտարարել է, որ նախագահի հրամանագիրն «ԻՊ-ին վերածնվելու հնարավորություն է ընձեռում»։


Նրա կարծիքով՝ «ԻՊ-ը կօգտագործի այս որոշումը որպես ապացույց նրա, որ ԱՄՆ-ն պատերազմում է մահմեդականների դեմ»։