Էյֆելյան աշտարակի լուսավորությունն այս գիշեր կանջատվի` ի նշան Քվեբեկի հետ համերաշխության
Ֆրանսիայի մայրաքաղաքը հարգանքի տուրք է մատուցում Քվեբեկում մզկիթի վրա իրականացված հարձակման զոհերի հիշատակին. ուղիղ կեսգիշերին որպես սգո նշան կանջատվի Էյֆելյան աշտարակի լուսավորությունը:
Ինչպես հաղորդում է ТАСС գործակալությունը, այս մասին հայտարարել է Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն` պաշտոնական հայտարարությամբ ցավակցություն հայտնելով զոհերի և տուժածների հարազատներին ու մտերիմներին:
«Հարգելու համար նրանց հիշատակն ու եղբայրական ուղերձ հղելու բոլոր քվեբեկցիներին ու կանադացիներին` Փարիզն այսօր երեկոյան կհանգցնի Էյֆելյան աշտարակի լույսերը, և այն փակ կլինի այցելությունների համար», - ասել է Իդալգոն:
Հիշեցնենք, որ հարձակումը Քվեբեկ Սիթիի մզկիթի վրա իրականացվել է կիրակնօրյա երեկոյան աղոթքի ժամանակ: Երկու անհայտ անձինք դիմակներով կրակ են բացել մզկիթի ուղղությամբ, երբ այնտեղ 40-100 մարդ է գտնվել: Հարձակման հետևանքով 6 մարդ զոհվել է, 8-ը վիրավորվել:










