Ավստրալահայ ուսանողները բողոքի լուռ ակցիա են անցկացրել Կանբերրայում Բելառուսի դեսպանատան դիմաց

13:30 • 30.01.17

Ավստրալիայի Հայ երիտասարդների ֆեդերացիայի ու Հայ ուսանողների ընկերակցության անդամները բողոքի լուռ ակցիա են անցկացրել Կանբերրայում Բելառուսի դեսպանատան մոտ:


Այս մասին հաղորդում Է Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը՝ մանրամասնելով, որ բողոքի ակցիան անցկացվել է Բելառուսի իշխանությունների կողմից Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինին Բաքվին արտահանձնելու որոշման դեմ:


Բողոքի լուռ ակցիային մասնակցել է մոտ 20 ավստրալահայ երիտասարդ՝ կպչուն ժապավենով փակված բերաններով: Ցուցարարները պաստառներ են պարզել «Ժողովրդավարությունը բռնատիրությունից բարձր է», «Խոսքի ազատություն, ոչ թե բռնաճնշումներ», «Լուկաշե՛նկո, Ադրբեջանի համար կեղտոտ գործ մի՛ արա» գրություններով:


Աղբյուրը հավելում է, որ Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբն ավելի վաղ դիմել էր ավստրալական իշխանություններին, ինչպես նաև բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների՝ կոչ անելով դատապարտել Ադրբեջանի կողմից Լապշինի վրա գործադրվող ճնշումը:


Ալեքսանդր Լապշինին Մինսկում ձերբակալել են դեկտեմբերի 14-ին` Ադրբեջանի խնդրանքով, որը բլոգերի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել Լեռնային Ղարաբաղ այցելելու համար:


Հիշեցնենք, որ Իսրայելի և Ռուսաստանի քաղաքացի Լապշինն Արցախ այցելելուց հետո հայտնվել էր Ադրբեջանի «սև ցուցակում», ապա 2-րդ անգամ այցելել Բաքու՝ ուկրաինական անձնագրով: Լապշինը նաև իր բլոգում հրապարակումներ է արել Ադրբեջանի մասին՝ ներկայացնելով խնդիրները, որոնց ինքը բախվել է այցելության ժամանակ, քննադատել քաղաքականությունը: