Կանադացիները տուգանվել են Google Earth-ում երևացող գոմաղբի համար
Կանադայում բնակվող զույգը տուգանվել է 15 հազար դոլարով` Google Earth քարտեզներում երևացող գոմաղբի զգալի պաշարների համար:
The Newser-ը գրում է, որ կանադական Նյու Բրանսուիկ նահանգի բնակիչներ Դևիդ և Ջոան Գալանտները դատի են տվել իրենց հարևաններ Լի և Շիրլի Մյուրեյներին` պահանջելով դադարեցնել պարարտանյութը շաղ տալ ամբողջ հողամասով: Որպես ապացույց նրանց ներկայացրել են արբանյակից արված Google Earth-ի քարտեզը, որում հեշտությամբ կարելի է տեսնել գոմաղբի պաշարները:
Կայքի հաղորդմամբ` հարևանները մեկ տարի շարունակ փորձել են լուծել կոնֆլիկտը, սակայն նրանց միջև լարվածությունը միայն աճել է: Ջոանի խոսքով` ի պատասխան մի քանի բողոքի, Մյուրեյների ընտանիքը դիտավորյալ սկսել է պարարտանյութեր առաքող և բեռնաթափող ծառայություններ կանչել առավոտյան ժամը 4-ին:
Նշվում է, որ Մյուրեյների ընտանիքը համաձայն չէ դատարանի որոշման հետ և մտադիր է բողոքարկել այն:










