Ուգո Չավեսի մասին սերիալը քննադատության է ենթարկվել մինչ պրեմիերան
Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի մասին «Կոմանդանտե» սերիալը քննադատության է ենթարկվել դեռ մինչև պրեմիերան, հաղորդում է Associated Press-ը:
Սերիալի ստեղծողը Չավեսի քննադատ, վենեսուելացի նախկին նախարար Մոյզես Նաիմն է: Նրա խոսքով` կա երկու բան, որ անհնար է վիճարկել անկախ գաղափարախոսությունից:
«Առաջին հերթին, Չավեսը եղել է արտառոց խարիզմայով քաղաքական գործիչ, որը գերել է ամբողջ աշխարհի մարդկանց: Երկրորդ հերթին, ներկա պահին Վենեսուելան ավերված է լայնածավալ ճգնաժամով, և շատ դժվար է վիճել, որ այդ ողբերգությունը կապ չունի Չավեսի հետ», - ասել է Նաիմը:
Նշվում է, որ սերիալի գլխավոր դերը խաղացել է կոլումբացի դերասան Անդրես Պարան: Սերիալն արդեն բացասական արձագանք է առաջացրել: Մասնավորապես, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն նախագիծն անվանել է «իմպերիալիստական աղբ», իսկ Չավեսի նախկին կինը սպառնացել է դատի տալ Sony ընկերությանը:
Ուգո Չավեսը մահացել է 2013 թվականին: Այժմ նրա կյանքի մասին կպատմի հեռուստաշոուն, որի պրոդյուսեր է հանդիսացել Sony Pictures Television-ը: 60 սերիայից բաղկացած «Կոմանդանտե» սերիալի պրեմիերան կկայանա այս շաբաթ Լատինական Ամերիկայում:










