Էջմիածնում ՏԻՄ ընտրություններից առաջ տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրվում են քաղաքապետի վարորդը և օգնականը
Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի Էջմիածնի նստավայրում այսօր տեղի ունեցավ Սեպտեմբերի 16 -ի ուշ երեկոյան Էջմիածնում տեղի ունեցած միջադեպի գործով դատական առաջին նիստը։
Դատական նիստին ներկա էին 3 ամբաստանյալները՝ Կարեն Արմենակյանը, Արամ Գրիգորյանը, Արսեն Կարապետյանը։
Նրանց մեղադրանք է առաջադրված Էջմիածնի քաղաքապետի նախկին թեկնածու Արթուր Թումանյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար։
Նիստի ընթացքում պարզ դարձավ, որ 3 ամբաստանյալներն էլ ԵԿՄ անդամ են, Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակիցներ։ Մեղադրյալներից Կարեն Արմենակյանն Էջմիածնի քաղաքապետի վարորդն է, Արսեն Կարապետյանն՝ օգնականը, մյուս ամբաստանյալը ևս քաղաքապետարանում է աշխատում։ Նիստի ընթացքում ամբաստանյալները հայտարարեցին, որ իրենց մեղավոր չեն ճանաչում։
Դատական առաջին նիստը կարճ տվեց։ Ժամը 15։00-ին նախատեսված է դատական լսում գործի մյուս՝ Էջմիածնի ավագանու անդամի առևանգման մասով։
Հիշեցնենք, որ Էջմիածնի քաղաքապետի ընտրություններից մեկ օր առաջ՝ 2016 թվականի սեպտեմբերի 16-ին՝ կեսգիշերին մոտ, Էջմիածնում կրակոցներ էին հնչել: Միջադեպի մասնակիցներն էին գործող քաղաքապետ Կարեն Գրիգորյանը՝ գեներալ Մանվել Գրիգորյանի որդին, քաղաքապետի թեկնածու Արթուր Թումանյանը, նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանի եղբոր որդին՝ Ստեփան Մարգարյանը։
Հիշեցնենք, որ գործով Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանը չի անցնում ոչ որպես տուժող, ոչ էլ որպես մեղադրյալ։
Քննչական կոմիտեն չի հիմնավորվել Արթուր Թումանյանի կողմից Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի կամ որևէ այլ անձի նկատմամբ սպանության փորձ կատարելու հանգամանքը, փոխարենն ապացույցներ են ձեռք բերվել Ա. Թումանյանի նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ։
Դատական հաջորդ նիստի օրը դեռ չի հայտարարվել, կողմերը դեռ չեն եկել ընդհանուր հայտարարի։










