Ադրբեջանին զենքի հնարավոր նոր խմբաքանակի վաճառքը կկոմպենսացվի Հայաստանին զենքի համապատասխան վաճառքով. Իգոր Կոռոտչենկո
Ռուսաստանը Ադրբեջանին զենք վաճառելով չի խախտում տարածաշրջանային բալանսը: Tert.am-ի հետ զրույցում ասաց ռուսաստանցի ռազմական փորձագետ Իգոր Կոռոտչենկոն՝ անդրադառնալով Ալիևի հայտարարությանը, թե Բաքուն Մոսկվայի հետ բանակցություններ է վարում նոր սպառազինության մատակարարումների վերաբերյալ:
«Ռուսաստանը զենք է վաճառում ինչպես Հայաստանին, այնպես էլ՝ Ադրբեջանին, որպեսզի ապահովվի հավասարակշռություն տարածաշրջանում: Այդպիսով՝ կողմերից որևէ մեկը չի ստանում որոշիչ, զգալի առավելություն: Ուստի Ադրբեջանին զենքի հնարավոր նոր խմբաքանակի վաճառքը կկոմպենսացվի Հայաստանին զենքի համապատասխանական վաճառքով»,- ասաց Իգոր Կոռոտչենկոն:
Վերջինս հավաստիացրեց, որ հարցը Հայաստանին չպիտի անհանգստացնի, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև ուժային բալանսը ոչ թե կխախտվի, այլ՝ կպահպանվի:
Հիշեցնենք, որ Ալիևը մասնավորապես հայտարարել էր. «Այո, մենք բանակցություններ ենք վարում նոր գնումների վերաբերյալ: Ձեզ ավելի լավ է հայտնի, թե որքան զարգացած է ռուսական ռազմական արդյունաբերությունը: Մենք հետաքրքրված ենք հիմնականում ամենաժամանակակից պաշտպանական սպառազինություններով, նոր զենքերի ստեղծմամբ: Դա վերաբերում է և՛ ուղղաթիռային տեխնիկային, և՛ պաշտպանության համակարգերին՝ ամբողջ համալիրը: Դա մշտական գործընթաց է»:










