Կուրսանտի սպանության գործով վկայի ցուցմունքներում հակասություններ կային, դատարանը հրապարակեց նախաքննական ցուցմունքները
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատավարությունը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ։
Այսօր դատական նիստին հարցաքննվեց դեպքի ժամանակ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտ Գևորգ Վարդանյանը, ով դեպքի գիշերը եղել է նույն սենյակում՝ Հայկազ Բարսեղյանի մահճակալից մոտ 2 մետր հեռավորության վրա:
Նա ասաց, որ հունվարի 29-ի գիշերը ժամը երեքի սահմաններում ձայներ է լսել և արթնացել է: Վկան տեսել է, որ Հայկազ Բարսեղյանի գլխավերևում կանգնած են եղել Նորիկ Սահակյանն ու Գնել Թևոսյանը, մյուս կողմում կանգնած են եղել Վաչե Սահակյանն ու Մովսես Ազարյանը. «Վաչեն ու Մովսեսը ոնց որ թե չէին խփում, հիմնականում Գնելն ու Նորիկն էին խփում և կրծքավանդակի հատվածում: Հայհոյանքներ էլ հնչել են Հայկազ Բարսեղյանի կողմից, Հայկազն ասում էր՝ ուզում եք սպանել, իսկ իրենք ասում էին՝ սուս մնա»:
Դատարանը գտավ, ու վկայի նախաքննական ցուցմունքներում հակասություններ կան: Մեղադրող դատախազը ներկայացրեց երեք էական հակասություն.,«Հակասություններ կան այս և նախաքննական ցուցմունքի մեջ, այստեղ չի մտաբերում ամբաստանյալներից որևէ մեկի մասնակցությամբ որևէ միջադեպ, այնինչ նախաքննական ցուցմունքում նշել է, որ Գնել Թևոսյանի և Տիգրան Մանգասարյանի միջև վեճը, երկրորդը, վկան հայտնեց,որ նախքան ժամը 03:00-ն չի արթնացել և որևէ միջադեպի ականատես չի եղել,նախաքննական ցուցմունքում նշել է, որ արթնացել է Մովսես Ազարյանի և Վաչե Թովմասյանի ձայներից, ովքեր համոզել են Հայկազ Բարսեղյանին դուրս գալ սենյակից: Երրորդ հակասությունն այն է, որ երբ տեսել է, որ ամբաստանյալները դուրս են տարել Հայկազ Բարսեղյանին, դրանից հետո ինչ-որ մեկը մտել է սենյակ, և ինքը կարծել է, որ դա հենց Հայկազ Բարսեղյանն է, այնինչ այժմ նշում է, որ մտքով չի անցել Հայկազ Բարսեղյանը սենյակ վերադարձել է, թե ոչ»:
Վկան պնդեց դատարանում պատմածը և ասաց, որ նախաքննական փուլում վատառողջ է եղել, նորմալ չեն սնվել, լարված է եղել:
Հիշեցնենք, որ ըստ քրեական գործի մեղադրական եզրակացության՝ Գնել Թևոսյանին, Նորիկ Սահակյանին,Վաչե Սահակյանին և Մովսես Ազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ 24236 զորամասի առաջին գումարտակի առաջին մարտկոցի թիվ 408 ննջարանում առանձնակի դաժանությամբ, խուլիգանական դրդումներով սպանել են Հայկազ Արկադի Բարսեղյանին:
Վարազդատ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ՀՀ ՊՆ 24236 զորամասի 1 գումարտակի 2-րդ վաշտի 1-ին մարտկոցի կուրսանտ, 2014թ. նոյեմբերի 16-ին՝ ժամը 21.00-ի սահմաններում, նույն մարտկոցի կուրսանտ Տ. Մանասերյանին շարքում խոսելու համար դիտողություն անելուց և վերջինիս կողմից հակադարձում ստանալուց հետո, Վաչե Սահակյանի, Մովսես Ազարյանի հետ միասին, մի խումբ անձանցով, խախտելով ՀՀ ԶՈւ ներքին ծառայության կանոնագրքի 13, 16, 65 հոդվածը, ծեծի են ենթարկել Մանասերյանին, բացի այդ, 2015թ. հունվարին լսարանում խոսելու համար ծեծի է ենթարկել համածառայակից Արտուշ Սիմոնյանին:










