RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ԱՄՆ պետդեպի ներկայացուցչին խորհուրդ է տվել օգտվել հոգեմետ դեղամիջոցներից

09:59 • 31.01.17

Ռուսական RT միջազգային հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Ջոն Քիրբիին խորհուրդ է տվել հոգեկանը կարգավորող դեղամիջոցներ օգտագործել այն բանից հետո, երբ վերջինս հունից դուրս է եկել ճեպազրույցի ժամանակ RT-ի թղթակցի հնչեցրած հարցից:

Նշենք, որ հեռուստաալիքի թղթակիցը հարց էր հղել Քիրբիին, թե ի՞նչ աղբյուրներից են օգտվում ԱՄՆ պետքարտուղարությունում, երբ պնդում են, թե ռուսական ռազմական ուժերն ավիահարվածներ են հասցրել Հալեպի 5 հիվանդանոցի: Ի պատասխան՝ հունից դուրս եկած ամերիկացի պաշտոնյան կոչ է արել լրագրողին դիմել ՌԴ ՊՆ-ին:

«Россия 24» հեռուստաալիքի եթերում միջադեպը մեկնաբանած Սիմոնյանը նշել է, որ դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցները պետք է ավելի հանգիստ ու հավասարակշիռ վարք դրսևորեն: 

«ԱՄՆ-ն հայտնի է հոգեկանը կարգավորող դեղամիջոցների լայն սպեկտրով: Բազմաթիվ հայտնի մարդիկ օգտվում են դրանցից: Դե, հնարավոր է, այս չինովնիկին անհրաժեշտ է ուշադրություն դարձնել այս սպեկտրին», - ասել է Սիմոնյանը: