Շվարցենեգերը «խենթություն» է անվանել Թրամփի՝ մուսուլմանների մուտքն արգելող որոշումը

09:16 • 31.01.17

Հոլիվուդյան մարտաֆիլմերի աստղ Առնոլդ Շվարցենեգերը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աղմկահարույց ներգաղթային քաղաքականությունը` նկատելով, որ առավելապես մուսուլմանական բնակչություն ունեցող 7 պետությունների քաղաքացիների մուտքն ԱՄՆ 3 ամսով արգելելու որոշումը «հապճեպ է ու խենթ»:


«Այդ արգելքը խենթություն է ու մեզ հիմար վիճակի մեջ է դնում: Ես հասկանում եմ, որ նա փորձում է երկրի անվտանգությունն ապահովել տարբեր երկրներից եկող ու իրենց հետ պոտենցիալ վտանգ բերող մարդկանցից: Բայց այս ամենի լուծման համար կա ճիշտ ճանապարհ: Կարծում եմ՝ որոշումը հապճեպ էր»,-մեջբերում է The Hill-ը Կալիֆորնիայի նախկին նահանգապետի խոսքերը:


Շվարցենեգերեը հիշեցրել է, որ ժամանակին ինքը ևս ներգաղթյալ էր ու ԱՄՆ է տեղափոխվել Ավստրիայից:


Հիշեցնենք, որ օրերս Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով անորոշ ժամկետով դադարեցվել է Սիրիայից փախստականների ընդունման գործընթացը, ինչպես նաև 90-օրյա մուտքի արգելք է սահմանվել Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի և Եմենի քաղաքացիների նկատմամբ:


Թրամփը հայտարարել էր, որ լրատվամիջոցները սխալ են մեկնաբանել իր ներգաղթային քաղաքականությունը՝ այն ներկայացնելով որպես արգելք՝ ուղղված մուսուլմանների դեմ:

«Ուզում եմ հստակ ասել, որ սա արգելք չէ մուսուլմանների դեմ, ինչպես որ աղավաղված հաղորդեցին ԶԼՄ-ները: Սա կրոնի հարց չէ, այլ՝ ահաբեկչության և մեր երկրի անվտանգության»,- նշվում է Թրամփի տարածած հայտարարությունում: