Վստահ եմ, որ լինելու եմ ՀՀԿ համամասնական ցուցակում. Սուքիաս Ավետիսյան
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը համոզված է, որ լինելու է ՀՀԿ համամասնական ցուցակում: Եվ տեղեկությունը, որ իրեն կուսակցությունից հասկացնել են տվել, որ 25 տարին պատգամավոր լինելու համար հերիք է, համարում է ինչ-որ մեկի «հիվանդ ուղեղի արգասիքը»:
«Չե՞ն ասում` ով է հասկացնել տվել։ Մեր կուսակցությունում նման բան չկա, հասկացնել տալ, եթե ինչ-որ բան կա, կարողանում են մարդուն ասել»,-ասաց Սուքիաս Ավետիսյանը:
Հիշեցնենք, որ մամուլը գրել էր, որ 1995 թվականից ի վեր պատգամավոր Սուքիաս Ավետիսյանին հասկացնել են տվել, որ այլևս չի լինելու պատգամավոր, չի լինելու ցուցակում, ինչպես նաև թող հույսեր չունենա ռեյտինգայինով Ազգային ժողով մտնելու:
Սուքիաս Ավետիսյանը հայտարարեց, որ Շիրակից առաջադրվելու է ռեյտինգային կարգով:
«Ի՞նչ է նշանակում, որ մարզի կուսակցական կառույցներից մեկի ղեկավարը և մարզի ամենահին պատգամավորը չընդգրկվի մարզի ռեյտինգային ցուցակում: Դուք դա նորմալ կհամարե՞ք»,-հարցրեց պատգամավորը:
Նա նորմալ է համարում, որ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով կարող է առաջադրվել նաև նախկին ԲՀԿ-ական, ներկայումս անկուսակցական Մարտուն Գրիգորյանը. «Կարող ա էլի մարդիկ լինեն»:
Սուքիաս Ավետիսյանը վստահ է, որ նման հրապարակումները չեն կարող լինել ներկուսակցական պատվեր:










