«Սահմանադրության հանրաքվեի քարոզչության հնարավորությունները հավասար չեն». Արցախում մեկնարկել է «Ոչ»-ի քարոզարշավը

12:21 • 05.02.17

Փետրվարի 20-ին Արցախում սպասվող սահմանադրական փոփոխություններին ընդառաջ Լեռնային Ղարաբաղում մեկնարկել է «Ոչ»-ի քարոզարշավը:

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը իր կայքէջում կոչ է անում «դեմ» քվեարկել Սահմանադրական փոփոխություններին՝ հիմնավորելով, որ դրանցով Արցախի նախագահ Բակո Սահակյանն իր պաշտոնավարումը ուզում է երկարաձգել մինչև 2030 թվականը:

«Արցախում սահմանադրական փոփոխությունների կարիք չկա, գործող սահմանադրությունն ի վիճակի է ապահովել երկրի բնականոն զարգացումը:

Այս փոփոխություններով Բակո Սահակյանը նպատակ ունի նախագահի պաշտոնում մնալ նաև 2017թ.-ից հետո (գործող սահմանադրությամբ նա 2017թ. չի կարող առաջադրվել նախագահական ընտրություններում): Սահմանադրական փոփոխություններով հնարավորություն է ստեղծվում Բակո Սահակյանի համար նախագահել մինչև 2030թ.»,-ասվում է կուսակցության հրապարակած քարոզչական թերթիկում:

«Ազգային վերածնունդը» նաև հայտարարում է, որ «մեկ անձի իշխանության վերարտադրության համար սահմանադրություն փոխելով` մենք նմանվում ենք Ադրբեջանի, Զիմբաբվեի, Թուրքմենստանի և այլ ավտորիտար ռեժիմներով երկրներին: Նման հեռանկարը կթուլացնի Արցախի միջազգային դիրքերը, կկրճատի մեր բարեկամների թիվն աշխարհում, կծնի անարդարության զգացում երկրի ներսում: Կկորչի համայն հայության հավատն Արցախի նկատմամբ, կկրճատվեն ներդրումներն ու նվիրատվությունները»:

Ավելին՝ ըստ Արցախի խորհրդարանական կուսակցության, այս փոփոխություններով ժողովուրդն ավելի է հեռացվում որոշումներ ընդունելու գործընթացից: «Եթե գործող սահմանադրությամբ սահմանադրական փոփոխությունները կատարվում են համաժողովրդական հանրաքվեով, ապա այս նախագծի ընդունվելու դեպքում այդ իրավունքը կանցնի Ազգային ժողովին: Սովորաբար քաղաքական իրավունքների սահմանափակմանը հաջորդում է մարդու հիմնարար իրավունքների սահմանափակումը: ԴԵՄ քվեարկելով սահմանադրության նախագծին՝ մերժում ենք այդ հեռանկարը»,-ասված է ընդդիմադիր կուսակցության կոչի մեջ:

Կուսակցության նախագահ Հայկ Խանումյանն իր ֆեյսբուքյան էջում հորդորում է ԴԵՄ քվեարկելու կողմնակիցներն իրենց ընկերների, բարեկամների, հարևանների շրջապատում անցկացնեն համապատասխան քարոզչություն և իրազեկում, քանի որ «Սահմանադրության հանրաքվեի քարոզչության հնարավորությունները հավասար չեն»: