Անկարայի համալսարանը շրջափակվել է, ոստիկանությունն արցունքաբեր գազ և ջրցաններ է կիրառել (տեսանյութեր, լուսանկարներ)
Անկարայի պետական համալսարանում լարված մթնոլորտ է. նախօրեին Թուրքիայի նախարարների խորհրդի նոր որոշմամբ աշխատանքից ազատված Անկարայի համալսարանի 72 ակադեմիկոս դասախոսներն ու նրանց ուսանողները շարունակում են ակտիվ բողոքի ցույցեր իրականացնել:
Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը` շենքը շրջափակվել է ոստիկանական ուժերի կողմից, ոստիկաններն արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ են կիրառել:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախարարների խորհրդի վերջին որոշմամբ երկրում աշխատանքից ազատվել է 4.464 պետական ծառայող, որոնցից 350-ն ակադեմիկոսներ են:
Ամենածանր հարվածը հասցվել է Անկարայի պետական համալսարանին, որտեղ աշխատանքից ազատվել է 72 ակադեմիկոս:
Արդյունքում փակվել են նաև մի քանի առաջատար ֆակուլտետներ, համալսարանի ծրագրից վերացվել է 30 դաս: Ավելի քան 50 դիպլոմային աշխատանք մնացել է առանց ղեկավարի:















