Տոկիոյի հին խանութների ճակատամասերը՝ լեհ նկարչի աշխատանքներում (լուսանկարներ)
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն համարվում է աշխարհի ամենաֆուտուրիստիկ քաղաքներից մեկը` շնորհիվ արտառոց ճարտարապետության և գիշերային լուսավորության: Լեհ նկարազարդող և թվային դիզայներ Մատեուշ Ուրբանովիչը նկատել է քաղաքի մեկ այլ դեմք և որոշել կիսվել իր տեսածով ջրաներկային կտավների շարքով, որոնք պատկերում են Տոկիոյի հին խանութների ճակատամասերը:
«Ավելի քան 3 տարի առաջ տեղափոխվեցի Տոկիո և զբոսանքների ընթացքում զարմացա, երբ հայտնաբերեցի հին շենքերում տեղակայված ու մինչ օրս գործող խանութների բազմազանությունը: Ուսումնասիրությունների ժամանակ շատ եմ լուսանկարել ամենահետաքրքիր խանութները, որոնք հետագայում պատկերել եմ ջրաներկային կտավների միջոցով և նկարազարդումների շարք հավաքել դրանցից», - պատմել է Մատեուշը Boredpanda-ին:
Դիզայների խոսքով` ինքը չի փորձում պատկերել Տոկիոյի կոնտրաստները, այլ ցուցադրում է քաղաքի առավել հին, հանգիստ, սովորական, բայց և գեղեցիկ մասերը` քաղաքը ներկայացնելով տեղացիների աչքերով:
















