Ջասթին Թիմբերլեյքը, Ջոն Լեջենդն ու Սթինգը կերգեն «Օսկար» մրցանակաբաշխության արարողությանը

13:54 • 11.02.17

Ջասթին Թիմբերլեյքը, Ջոն Լեջենդը, ինչպես նաև բրիտանացի երաժիշտ Սթինգը ելույթ կունենան «Օսկար» կինոմրցանակաբաշխության հանդիսավոր արարողությանը: «Օսկարի» 89-րդ ամենամյա արարողությունը տեղի կունենա փետրվարի 26-ին Լոս Անջելեսում:


Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ Կինոարվեստի ամերիկյան ակադեմիային հղումով, երաժիշտները կկատարեն այն երգերը, որոնք «Օսկար» մրցանակի են ներկայացված «Ֆիլմի համար գրված լավագույն երգ» անվանակարգում:


Ջասթին Թիմբերլեյքը, որն առաջին անգամ է նման կերպ «Օսկարի» ներկայացվել, կկատարի «Can’t Stop this feeling» երգը, որը «Troll» ֆիլմի սաունդթրեքն է: 2016 թ.-ին այն դարձել է ԱՄՆ-ում լավագույնս վաճառված սինգլներից մեկը:


Սթինգը կկատարի «The Empty Chair» երգը, որը նա գրել է «Ջիմ. Ջեյմս Ֆոուլիի պատմությունը» վավերագրական ֆիլմի համար: Ֆիլմի հեղինակները պատմում են Սիրիայում ահաբեկիչների կողմից առևանգված և սպանված ամերիկյան լրագրողի ճակատագրի մասին: Սթինգը երրորդ անգամ է իր կարիերայի ընթացքում «Օսկար» մրցանակի ներկայացվում, որի հաղթողը, սակայն, դեռ չի դարձել:


Ջոն Լեջենդը կկատարի «Օսկարի» ներկայացված «Audition» և «City of Stars» երգերը, որոնք ստեղծվել են հատուկ  «Լա Լա Լենդ» երաժշտական ֆիլմի համար:


«Լա Լա Լենդը» ներկայացվել է ռեկորդային` 14 անվանակարգում: Այս ֆիլմում Լեջենդը նաև խաղացել է գլխավոր հերոսի գործընկերոջ դերը: 

Ջասթին Թիմբերլեյքը, Ջոն Լեջենդն ու Սթինգը կերգեն «Օսկար» մրցանակաբաշխության արարողությանը